Ռուստամ Բադասյանը՝ ապօրինի ակտիվների բռնագանձման մասին. Օֆշորներում նույնպես կարող են տեղակայված լինել գողացված ակտիվները

- in Տնտեսական

ԱԺ – կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ երկրի  տարածքից դուրս տարված ապօրինի ակտիվների սառեցման ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տարվել, արդյոք այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են:

«Ենթադրաբար ակտիվ փուլում ենք, ավելի ճիշտ, ես վստահ եմ, որ ակտիվ փուլում ենք, որովհետև հնարավոր չէ այդպիսի մեծ ծավալի քրեական գործեր ունենալ և նման գորոծողություններ չանել: Բայց պետք է սպասենք նախաքննության ավարտին կամ այն փուլին, երբ նախաքննության մարմինը հարկ կհամարի նման ինֆորմացիա հանրայնացնել»,- ի պատասխան ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը նշեց, որ եթե ուզում ենք ունենալ իրական արդյունք գույքերը տեղակայելու, «սառեցնելու» և հետագայում քրեական կամ քաղաքացիական գործերի շրջանակներում բռնագանձելու համար, էական է, որ քրեական գործի շրջանակներում համապատասխան հարցումներ ուղարկվեն այն երկրներ, որտեղ գտնվում են ակտիվները, և ձեռք բերվեն ապացույցներ:

«Հնարավոր է, բնականաբար, նաև սառեցման օրդերներ ուղարկել՝ կախված տարբեր երկրներից տարբեր իրավական կարագավորումներ կան: Ձեր հարցին կոնկրետ չեմ կարող պատասխանել՝ նկատի ունենալով, որ դա իրավապահների տիրույթում է: Բայց ես վստահ եմ, որ նման աշխատանքներ կատարվում են՝ գույքերը տեղակայելու մասով, որովհետև եթե հետևել եք տարբեր իրավապահ մարմինների հաղորդագրություններին, դա երկարատև քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ է ենթադրում»,- նշեց նա:

Ռուստամ Բադասյանն անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք կա՞ պատկերացում, թե այս առումով, որ երկրներն են ավելի ռիսկային  համարվում: «Պետական եկամուտների կոմիտեում կա նման վերլուծություն: Թե քննված քրեական գործերի շրջանակներում, թե ՊԵԿ վարչարարության շրջանականերում բացահայտվում են տարբեր սխեմաների կիրառում: Եվ, բնականաբար, ռիսկային են համարվում օֆշորային գոտիները կամ այնպիսի երկրները, որոնք 5-6 տարի առաջ համարվում էին օֆշորային, բայց հիմա չեն համարվում, բայց այնտեղ նույնպես կարող են տեղակայված լինել գողացված ակտիվներ: Կարծում եմ՝ այդ երկրները թվարկելու կարիք չկա, օրինակ՝ Սեյշելյան կղզիներ, Կիպրոս, Վիրջինյան կղզիներ և այլն»,- նշեց նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments