Բավական է, պետք է վերջ տալ եւ դուրս գալ այդ ծուղակից

- in Վերլուծական

Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ հնչած հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ասել՝ բանակցվե՞լ կամ բանակցվու՞մ է փուլային փաստաթուղթ, թե ոչ:

Այդ հարցը պնդում էր Տիգրան Ուրիխանյանը: Դրան ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բազմաթիվ անգամներ արձանագրել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որը մերժում է փուլային որեւէ տրամաբանություն եւ հիմնված է կարգավիճակի ու անվտանգության առաջնահերթության վրա:

Փաշինյանը հայտարարեց, թե չի պատրաստվում պատասխանել անընդհատ կրկնվող հարցերին, կրկնվող պատասխանով:

Ինչ որ մեկին հաջողվել, կամ հաջողվում է հայկական կողմին գցել ծուղակ, ընդ որում արդեն մի քանի տարի շարունակ, այդ թվում հեղափոխությունից էլ առաջ:

Բանն այն է, որ բավական է Ադրբեջանից, Ռուսաստանից կամ որեւէ այլ համանախագահ երկրից կամ միջազգային կառույցից որեւէ հայտարարություն, եւ այդ հայտարարությունը Հայաստանում փաստորեն թելադրում է ներքաղաքական օրակարգ՝ անընդհատ կրկնվող հարցերով:

Ո՞րն է այստեղ խնդիրը, եւ ինչն է այստեղ առաջնային: Եթե չկա քաղաքական իշխանության նշաձող կամ այսպես ասած կարմիր գիծ, եթե չկա հստակ դիրքորոշում, ապա հարցերն անշուշտ պետք է լինեն անընդհատ, մինչեւ պատասխան ստանալն ու ըստ այդմ որոշելը՝ ինչպես վարվել պատասխան տվող քաղաքական իշխանության հետ, հեռացնե՞լ, թե՞ աջակցել եւ ապահովել բանակցային թիկունքը:

Հեղափոխությունից հետո կարծես թե բավական հստակ սահմանվել են առաջնահերթություններ ու մոտեցումներ, որոնք գործնականում աննախադեպ են Հայաստանի քաղաքականության համար: Դրանք իհարկե բառացի գրողի ծոցը չեն ուղարկում Ադրբեջանին եւ բոլորին, բայց նաեւ այդտեղ է դրանց ուժը, որովհետեւ քաղաքական-դիվանագիտական գործընթացը միատարր, առավել եւս «միաբջիջ» չէ, այն առնչվում է բազմաթիվ հարակից հարցերի, ուղղակի թե անուղղակի շոշափվում են տարբեր խնդիրներ, որոնց մի զգալի մասը կարող է անգամ ուղիղ առնչություն չունենալ արցախյան թեմատիկային:

Հանրության համար փաստացի կարեւոր է այն, թե ինչ դիրքորոշման ու նշաձողի համար է պատասխանատվություն ստանձնում քաղաքական իշխանությունը: Այն ստանձնված է, հստակ ազդարարված է, որ Երեւանը չի քննարկում փուլային պլան, Երեւանը առհասարակ որպես այդպիսին որեւէ տարբերակ չի քննարկում, քանի դեռ լիարժեք բանակցող չէ Ստեփանակերտը, Երեւանը դնում է էքզիստենցիալ անվտանգության հարց եւ կարգավիճակն ու պաշտպանական բնագիծը համարում է զիջման ոչ ենթակա:

Այդ համատեքստում, առաջին դեմքի մակարդակով տարատեսակ մանիպուլյատիվ հարցադրումներով անընդհատ գնահատական եւ պատասխան պահանջելն անլրջացնում է հայկական դիրքորոշումը եւ դարձնում այն խոցելի հանդիպումների եւ քննարկումների գործընթացում: Մի բան, որ Հայաստանում տարիներ շարունակ հմտորեն սադրում են Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ դիվանագետների կամ փորձագետների հայտարարությունների միջոցով:

Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը պետք է դուրս գա այդ ծուղակից: Եթե իհարկե տարբեր սուբյեկտներ այդ դաշտում չեն գործում պարզապես մանիպուլյատիվ նպատակով, կամ սպասարկում հենց այն նպատակները, որ իրենց առաջ դնում են ռուսաստանցի կամ ադրբեջանցի դիվանագիտական եւ փորձագիտական շրջանակները:

Ի վերջո, հայկական անվտանգության եւ շահի նշաձողը սահմանել է բանակը՝ 2016-ի ապրիլին: Հայաստանում չի կարող լինել քաղաքական որեւէ միավոր կամ խումբ, որը կիջեցնի այդ նշաձողն անպատիժ: Միաժամանակ, թերեւս հասունանում է իրավիճակ, երբ օրենսդրորեն պետք է սահմանվեն Արցախի հարցում վարքագծային կանոններ, որոնք տարատեսակ սուբյեկտներին կզրկեն Հայաստանում օտարերկրյա տեղեկատվա-քարոզչական խաղերին անպատիժ աջակցելու հնարավորությունից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments