Բենզինի շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է մնալ բարձր, այսօր ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Ըստ նրա՝ ՀՀ բենզին ներմուծվում է հիմնականում երկու տնտեսվարող սուբյեկտի կողմից և այնուհետև բաշխվում է ՀՀ-ում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների միջև: «Մենք տեսնում ենք, որ բենզինի համաշխարհային գները արտացոլվում են մեր տնտեսությունում: Եվ այլևս չի կարելի ասել, որ երբ համաշխարհային գներն իջնում են, ՀՀ-ում գները մնում են կայուն, իսկ բարձրացման դեպքում բարձրանում են»,- ասաց նա:

Սեղմված գազի ոլորտում ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախքան խմ-ից կիլոգրամի անցման մասին օրենսդրական փոփոխությունը գազի վաճառքը եղել է իր ինքնարժեքից ցածր: «Դա մեզ բերել է եզրահանգման, որ այստեղ կա ստվեր կամ այլընտրանքային գազ, որը մենք չենք տեսնում: Այս տեղեկատվությունը մենք փոխանցել ենք Պետական եկամուտների կոմիտե, այնտեղ հարուցված գործի շրջանակներում այդ տվյալները կուսումնասիրվեն»,- նշեց նա:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման գծով տեսնում է խնդիր և կարծում է, որ պետք է հնարավորինս շուտ լուծում տալ դրան:

Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

Անդրադառնալով բենզինի, դիզվառելիքի շուկային՝ Թունյանը նկատեց, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է՝ առաջին անգամն է, որ պետական մարմինը բաց խոսում է միջնորդ օղակի մասին: Թունյանի կարծիքով՝ ավելի լավ կլինի, որ ավելի շատ բացեն փակագծերը: Որպես խնդիր է նշվել  Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռք բերման և ներմուծման գործընթացում միջնորդ կազմակերպությունը: Թունյանի կարծիքով՝ խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիա»-ի մասին է:

«ԱԺ այս քառօրյա նիստերից հետո, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովով կկազմակերպենք քննարկում, կհրավիրենք Գևորգյանին, շուկայի խաղացողներին և կփորձենք առավելագույնս բացել այս թեման: Կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, որ հասարակության համար էլ պարզ լինի, թե կոնկրետ կազմակերպությունները, որոնք շղթայի մեջ արհեստականորեն մտած են, ինչպես են ազդում ընդհանուր գնագոյացման վրա: Որպեսզի պարզ լինի, թե Հայաստանում վաճառվող ամեն լիտր բենզինից որքան գումար է գնում որոշ մարդկանց գրպանը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ միասին պետք է քննարկել խնդիրը լուծելու ճանապարհը, և խնդիրը պետք է լուծել հնարավորինս արագ:

Spread the love