Բնական իմունիզացիայի քաղաքականությունն է մնացե՞լ

- in Տնտեսական

Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով վարակակիրների օրական նոր տվյալը՝ 335:

Նա հայտարարել է, որ պարետատունն ու ոստիկանությունը անցնում են խիստ ռեժիմի: Վարչապետը խոսել է այն մասին, որ պետք է կարողանալ ապահովել կարանտինային ռեժիմ՝ առանց կարանտինի:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ստեղծում է տարօրինակ տպավորություն: Դա գործնականում այլ բան չէ, քան հայտարարություն հակահամաճարակային քաղաքականության տապալման մասին: Եթե իրավիճակն ավելի լուրջ է, քան հնարավոր է պատկերացնել, ապա դա նշանակում է, որ կառավարությունն է ինչ որ փուլում ունեցել է իրավիճակը պատկերացնելու խնդիր:

Իհարկե, ներկայում այդ հարցերը պարզելու ժամանակը չէ, սակայն մյուս կողմից առաջանում է հարց՝ իսկ գոնե հիմա կառավարությունը իրավիճակն ու անելիքը պատկերացնու՞մ է անհրաժեշտ, համարժեք ծավալով: Ըստ այդմ, վարվող քաղաքականությունը բխում է այդ պատկերացումի՞ց, թե՞ կառավարությունում պարզապես խուճապ է, ու վարչապետի հայտարարությունը բխում է դրանից, եւ խուճապից են բխելու նաեւ քայլերը: 

Որովհետեւ, եթե դրանք բխելու են այդ խուճապից, ապա կա մեծ վտանգ, որ այդ քայլերը կարող են լինել անարդյունավետ: Իսկ ներկայում, երբ հայտարարված է տնտեսական սահմանափակումների գրեթե չեղարկման մասին, արդյունավետության անհրաժեշտությունը բազմապատիկ ավելի է:

Այլ հարց է, որ կառավարությունը սառը հաշվարկով մտածում է, որ պետք է այդօրինակ հռետորաբանությամբ հանրության շրջանում ձեւավորել լուրջ, տագնապալի սպասումներ, սահմանափակումները չեղարկելուն եւ տնտեսությունը բացելուն զուգընթաց «հայկական արխայինություն» թույլ չտալու համար: Որովհետեւ, ի վերջո, ամենեւին դժվար չէր հաշվարկել ու պատկերացնել, որ եթե բացվում է տնտեսությունը, չեղարկվում են սահմանափակումները, ապա վարակակիրների թվի օրական վիճակագրության աճը լինելու է անխուսափելի: Առավել եւս, երբ դա տեղի է ունենում մի պարագայում, երբ կառավարությունն էլ դեռեւս շաբաթներ առաջ է ընդունել, որ չի ստացվել վարակը պահել լոկալացված օջախներում:

Հիմա թերեւս փորձ է արվում տագնապ հնչեցնելով, հանրությանը պահել կանոնների շրջանակում: Կստացվի՞, թե ոչ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այժմ Հայաստանն արդեն չունի այլընտրանք, քան գնալ բնական իմունիզացիայի ճանապարհով, ինչը նշանակում է օրակական վարակակիրների թվի աճ մինչ որոշակի աստիճան, երբ արդեն կսկսի նվազումը՝ բնական իմունային պատնեշի բարձրանալուն զուգահեռ:

Մեկ այլ տարբերակ է վերստին խիստ կարանտինային ռեժիմի վերադառնալը: Բայց այդ դեպքում ոչ միայն երաշխավորված չէ վարակի լոկալացման հարցում հաջողությունը, այլ գործնականում երաշխավորված է հանրային եւ տնտեսական առողջությանը հասցվելիք առավել մեծ վնասը:

Կառավարությունը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի գոնե բնական իմունիզացիայի քաղաքականության եւ դրա արդյունավետ ընթացքի համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments