Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, անդրադառնալով Հայաստանի համար ռուսական գազի գնին եւ դրա վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանն, ասել է, որ Հայաստանը չպետք է զիջի ինքնիշխանությունը:

Պուտինը հայտարարել էր, որ միասնական գնագոյացման, այլ կերպ ասած ցածր գնի համար պետք է ավելի խորը ինտեգրացիա: Միքայել Մելքումյանը Ազատությանը հայտնել է, որ դրա տակ ենթադրվող միասնական բյուջեն եւ միասնական հարկային համակարգը Հայաստանի համար չունի որեւէ իմաստ եւ մեկ միլիմետր անգամ չպետք է զիջել այդ ինքնիշխանությունից:

ԲՀԿ պատգամավորի արտահայտած դիրքորոշումը հետաքրքիր ու նաեւ խորհրդանշական է:

Անկասկած է, որ Ռուսաստանի համար չկա գազի գին տնտեսական հասկացություն, այն քաղաքական է: Այդպես է եղել միշտ, եւ ԲՀԿ հանգամանքը հատկանշական է այդ իմաստով: Բանն այն է, որ գազի թեման խիստ արդիական էր 2012-13 թվականներին, երբ այն դարձել էր Հայաստանի դեմ կազմակերպվող ռուս-թուրքական ռազմա-քաղաքական ռեգիոնալ ճնշման առանցքային գործիքներից մեկը:

Ահա այդ գործընթացում Բարգավաճ Հայաստանը առաջնորդում էր ոչիշխանական բեւեռը, որը դարձել էր Հայաստանի դեմ ճնշման մեխանիզմի կարեւոր տարրերից մեկը: ԲՀԿ-ն գլխավորում էր ոչիշխանական ընդդիմադիր բեւեռը, որն ուներ բավարար ռեսուրս եւ հանրային աջակցություն՝ Ռուսաստանի օժանդակության պարագայում Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար, եթե Սարգսյանը հրաժարվեր ենթարկվել ինքնիշխանության զիջման պահանջներին, այդ թվում ԵՏՄ ու գազի հարցում:

Այդ հարցերը լուծելուց հետո, արդեն 2015-ի փետրվարին Ռուսաստանը Սերժ Սարգսյանին ընձեռեց ոչիշխանական բեւեռը ցրելու ազատություն: Եվ այդ գործողության ամենամեծ հարվածը եկավ հենց Գագիկ Ծառուկյանի վրա, թե քաղաքական, թե բարոյա-հոգեբանական իմաստով:

Արդյոք ԲՀԿ նախագահը կարեւոր դաս է քաղել տեղի ունեցածից, ինչով էլ պայմանավորված է մոտեցումը, որ չպետք է զիջել ինքնիշխանությունը, եւ այդպիսի քաղաքական վիճակներում պետք է  քաղաքական միավոր ակնկալել ոչ թե Հայաստանի ինքնիշխանության հանդեպ  ճնշումը լեգիտիմացնելով, այլ Հայաստանի ինքնիշխանության դիրքը պահելով: Կկանգնի՞ Գագիկ Ծառուկյանն այդ դիրքում մինչեւ վերջ, թե՞ դա պարզապես քաղաքական հնարք է՝ ընդամենը Մոսկվայի համար գինը բարձրացնելու նկատառումով:

Բայց մի՞թե Գագիկ Ծառուկյանը կարող է կիսատ սերտել 2013-15 քաղաքական դասը եւ զոհաբերել իր անունն ու բարի համբավը որեւէ երրորդ պետության քաղաքական շահի, հետո կրկին դառնալով «կրկեսը փակելու» միակ զոհը:

Spread the love