Erdoghan Putin

Եվրոպայում գազի գները սրընթաց անկում են ապրում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Եվրոպական շուկան լեփ-լեցուն է: Reuters-ի կողմից հարցված թրեյդերներից ոմանք կարծում են, որ եվրոպական գազային պայմանագրերի արժեքը մինչեւ մայիսի 30-31-ը կընկնի մինեւ զրո կամ նույնիսկ բացասական ցուցանիշների կհասնի:

Եվրոպական էտալոնային գազի շուկայում՝ հոլանդական TTF հաբում, մայիսի 22-ին հաջորդ օրը մատակարարմամբ պայմանագրի գինն ընկել է 20 տոկոսով՝ հասնելով 2.50 եվրո մեկ մեգավատ ժամում նոր պատմական ցածր մակարդակի՝ հազար խորանարդ մետրի դիմաց 26.4 դոլարից ցածր:

Գազի մատակարարները չեն պատրաստվում նվազեցնել արդյունահանումը. դրա վերականգնման համար ծախսերը կարող են չափազանց մեծ լինել, գրում է The Bell-ը: Արդյունքում, ըստ Refinitiv-ի վերլուծաբանների կանխատեսումների, գազի հասանելի պահեստները կարող են լցվել մինչեւ հուլիսի վերջ:

«Գազպրոմ»-ն արտահանման համար գազ է վաճառում եվրոպականից բարձր գներով: Ընկերության բյուջեում դրված է 133 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց գինը: Գների անկումից վնասը նվազեցնելու համար «Գազպրոմ»-ը սկսել է կրճատել մատակարարումները Եվրոպա: 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին դրանք արդեն նվազել են 21.4 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն եթե Քաթարից սեղմված բնական գազի մատակարարումը շարունակի աճել, գները չեն բարձրանա, ՌԲԿ-ին ասել է Փարիզի Sciences Po ինստիտուտի պրոֆեսոր Թիերի Բրոն:

Գազպրոմը խնդիրներ ունի նաեւ իր երկու մեգանախագծերի՝ Հյուսիսային հոսքի ու Թուրքական հոսքի հետ: Ֆինանսական ահռելի ծախսերից հետո այս գազատարները ոչ միայն չեն ծառայում իրենց նպատակին, այլեւ դառնում են լրացուցիչ գլխացավանք, մասնավորապես թուրքականի պարագայում, որը ռուսական աշխարհքաղաքական կատարյալ ձախողման օրինակ է:

Հրապարակվել են տեղեկություններ, որ Թուրքիան ներկայում Ռուսաստանից գնում է գրեթե նույնքան գազ, որքան Հայաստանը եւ Լիտվան: Թուրքիան 35 տոկոսով նվազեցրել է ռուսական գազի ներկրումը եւ գերադասում է գազ ստանալ ԱՄՆ-ից, Քաթարից, Ալժիրից եւ Նիգերիայից: Իր հերթին, սկսել է գործել TANAP գազատարը, որով Թուրքիան գազ է ստանում Ադրբեջանից: Ադրբեջանական գազը թուրքական շուկայից աստիճանաբար դուրս է մղելու ռուսական գազը:

Ռուսները մեծ հույսեր էին կապում Թուրքիայի հետ, ձեռնարկելով մի շարք նախագծեր՝ Թուրքական հոսք, ատոմակայան, ժամանակակից հրթիռային տեխնոլոգիաներ, նույնիսկ խոսում էին Թուրքիային միջուկային զենք տրամադրելու մասին: Թուրքերը հիանալի են կողմնորոշվում ռուսական քաղաքական բարդույթների մեջ՝ ինչպես 100 տարի առաջ, ներկայում էլ նրանք վստահ էին, որ հակաարեւմտյան հռետորաբանությունը բավական է ռուսներից շատ բան ստանալու համար, ինչը եւ տեղի ունեցավ: Իսկ Մոսկվայում հույս ունեին, որ այդ նախագծերով Թուրքիային կկապեն իրենց: Մենք հիմա Էրդողանի հետ ենք, հայտարարում էր «պրոհայկական» մի փորձագետ: На здоровье! Արդյունքում՝ Թուրքիան դարձավ գազի տարածաշրջանային հաբ:

Գազպրոմի համար գազը թանկ գնով վաճառելու վերջին հույսը հիմա Հայաստանն ու Բելառուսն են: Մոսկվայում բարկացել են, որ այս երկու «եղբայրական երկրները» այս նեղ պահին էժան գազ են ուզում: Կարծես թե Հայաստանն ու Բելառուսը մեղավոր են Գազպրոմի ու ռուսական քաղաքականության տապալման համար եւ պարտավոր են վճարել նրա տապալված մեգանախագծերի համար:

Spread the love