Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Թուրնավան հայտարարել է, որ համաշխարհային շուկայում գնանկման հիմքով վերանայել են Գազպրոմի հետ գազի պայմանագիրը, եւ ռուսական ընկերությունը 15 տոկոսով նվազեցնելու է Վրաստան մատակարարվող գազի գինը:

Թե գինը հատկապես ինչքան է, Թուրնավան չի նշել, ասելով, թե առեւտրային գաղտնիք է: Դա հետաքրքիր է, հաշվի առնելով երկու հանգամանք: Արդյոք Գազպրոմն է խնդրել Վրաստանին չբացահայտել գինը, որպեսզի հարեւան Հայաստանում պարզ չլինի՝ «ռազմավարական դաշնակիցը» գազը իր հետ հակասությունների եւ անգամ հակամարտության մեջ գտնվող Վրաստանին ավելի էժան է վաճառում, քան Հայաստանին, թե ոչ:

Հայաստանը ամիսներ առաջ Գազպրոմին առաջարկել է գազի գնի նվազեցման բանակցություն, սակայն ստացել մերժում Պուտինի մակարդակով: Պուտինը մերժել է նաեւ Բելառուսի նման առաջարկը:

Թե՞ գազի գինը գաղտնի պահելը պետք է Վրաստանին՝ իր հիմնական մատակարար ադրբեջանական Սոկարի հետ բանակցելու եւ այնտեղ էլ գին գցելու համար: Մի բան հստակ է, որ Վրաստանն ունի ընտրության հնարավորություն եւ փորձում է արդյունավետ օգտագործել այն:

Հայաստանն էլ ունի այլ երկրից գազ ստանալու ֆիզիկական հնարավորություն՝ Իրան, բայց հայ-իրանական խողովակով գազ գալիս է միայն էլեկտրաէներգիայի փոխակերպվելու եւ Իրան վերադառնալու համար: Ընդ որում, խողովակն էլ Գազպրոմի սեփականությունն է եւ հանձնվել է այդ ընկերությանը սկսած 2006 թվականից եւ ավարտվել 2017-ին:

Միաժամանակ, Հայաստանն ունի նաեւ 2013-ին կնքված, ավելի շուտ պարտադրված պայմանագիրը, որով գործնականում ձեռքերը վեր է պարզել Գազպրոմի առաջ: Ռուսական կողմի կարծր դիրքորոշումը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ Հայաստանը չունի իրական այլընտրանք: Հայաստանն այս պահին կարող է պարզապես հայտարարել, որ չի գնա քաղաքական ճնշման եւ կդիմանա գնային շանտաժին: Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչքան կարող է Երեւանը դիմանալ բարձր գներին եւ շանտաժին: Ի վերջո, հնարավո՞ր է արդյունավետ բանակցություն Իրանի հետ:

Թե՞ Իրանն էլ օգտվելով առիթից փորձում է իր պայմանը թելադրել Հայաստանին: Օրինակ, գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի առումով Իրանը հայտարարել է, թե դա պետք էր հարեւան Հայաստանին եւ իրենք գնացել են դրան, թեեւ իրենց այդքան էլ պետք չէ: Իրանը հարեւան Հայաստանի համար կգնա՞ գազի հարցում այնպիսի գնային պայմանավորվածության, որը Հայաստանին թույլ կտա համարձակ խոսել Ռուսաստանի հետ:

Թե՞ կան այլ պատճառներ, մասնավորապես կապված հենց 2013-ի ամոթալի պայմանագրի առկայության հետ, որը Երեւանին թույլ չի տալիս արդյունավետ բանակցել Թեհրանի հետ, կամ բանակցել Երեւան-Աշգաբադ-Թեհրան ձեւաչափով:

Spread the love