Գորիսում 34-ամյա տղամարդը նռնակը ձեռքին սպառնացել է պայթեցնել ոստիկանության վարչական շենքն ու սպանել ոստիկաններին

- in Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Պ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Շահվերդյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 1985 թվականին ծնված Արմեն Պ.-ն ռազմամթերք հանդիսացող՝ ձեռքի բեկորային մարտական նռնակ գտնելով և այն ապօրինի կրելով՝ 2019 թվականի օգոստոսի 1-ին, ժամը  21-ն անց 20-ին ալկոհոլ օգտագործած վիճակում մոտեցել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական շենքին: Նա նռնակը ցուցադրել է ոստիկանության չորս ծառայողների, սպառնացել է պայթեցնել նրանց ու ոստիկանության վարչական շենքը, այսինքն՝ ոստիկանության ծառայողներին տվել է սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև ոստիկանության վարչական շենքը պայթեցնելով՝ գույքային վնաս պատճառելու սպառնալիքներ: Ոստիկանության ծառայողներ Ալավերդյանն ու Դադալյանը վնասազերծել են սպառնացողին, նրա ձեռքից վերցրել են նռնակը:

Այս դրվագով Արմեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ռազմամթերք պահելու և սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասով:

Հարուցված քրեական գործով Արմեն Պ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այս գործի քննությունն ընթացքի մեջ էր, երբ Արմեն Պ.-ի հետ կապված՝ նոր միջադեպ է տեղի ունեցել:

Քաղաքացու ահազանգով 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը  15-ն անց 25-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժնի տեսուչներ Գրիգորյանն ու Լալայանը գնացել են դեպքի վայր բնակարան: Պարզվել է, որ այդ բնակարանի բնակիչ Արմեն Պ.-ն վնասել է խոհանոցի գույքը ու ինքնավնասում է կատարել: Ոստիկանության տեսուչները պահանջել են, որ Արմեն Պ.-ն դադարեցնի հակաիրավական գործողությունները, սակայն վերջինս շարունակել է վնասել տան գույքը՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող տեսուչին տալով սեռական բնույթի հայհոյանքներ ու ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Պ.-ն ջարդված ապակու կտորը ձեռքին մոտեցել է ոստիկանության տեսուչին ու պահանջել է հեռանալ իր տանից՝ հակառակ դեպքում սպառնալով ապակիով վնասել նրան: Տեսուչը փակել է խոհանոցի դուռը, իսկ Արմեն Պ.-ն, ըստ մեղադրանքի, տարբեր առարկաներ է նետել դռան ուղղությամբ ու ջարդել է դռան ապակին, ինչից հետո ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու դուրս են բերել տանից: Սկզբում տեղափոխել են Գորիսի հիվանդանոց, ապա բերման են ենթարկել ոստիկանություն ու արգելանքի տակ են առել:

Այս դրվագով Արմեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:

Հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Դատարանում Արմեն Պ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարած արարքների համար:

Դատարանը հաշվի է առել, որ տուժողները՝ ոստիկանության ծառայողները, ներել են ամբաստանյալին, վերջինս ընդունում է մեղքն ու զղջում է:

Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը դիտել է հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Դատարանն արձանագրել է, որ ալկոհոլի օգտագործումը Արմեն Պ.-ի կողմից հանցավոր արարքներ կատարելուն նպաստող պայման է եղել:

Դատարանը հաշվի է առել Արմեն Պ.-ի կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրված արարքներն ընդգրկված են ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների շարքում:

Դատարանը եզրահանգել է, որ Արմեն Պ.-ի ուղղումը հնարավոր չի լինի առանց նշանակված պատիժը իրապես կրելու, այսինքն՝ անթույլատրելի է համարվել պայմանական դատապարտության կիրառումը:

Արմեն Պ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված երեք արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին, 137 հոդվածի  1-ին, 316 հոդվածի 1-ին մասերով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել  3 տարի իրական ազատազրկում:

Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հոկտեմբերի  24-ից:

Պատիժը կրելու ընթացքում Արմեն Պ.-ն հարկադիր բուժում կստանա ալկոհոլամոլությունից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործով մեղադրող դատախազը՝ խնդրելով պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, Արմեն Պ.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված երեք արարքների համար ու վերջին հաշվով դատապարտել ոչ թե 3, այլ 5 տարի իրական ազատազրկման:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments