Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ Հայաստանում գույքահարկի դրույքաչափը բարձրացվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դղյակների գույքահարկը մի քանի անգամ բարձրանում է՝ սահմանվելով ընդհուպ մինչև 15 մլն դրամ, ինչը արդարացի է: Ըստ նրա՝ սա կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը կառավարությունը պատրաստվում է իրականացնել:

«Եվ այս ռեֆորմն իրականացվում է երկարատև և մանրամասն քննարկումների արդյունքում: Ընդ որում, սա մեր հարկային համակարգի բարեփոխումների շարքի մեջ ենք դիտարկում: Եվ այս փոփոխությունն, այո, ուղղակի կապ ունի համահարթ եկամտի սահմանման որոշման հետ: Այն ժամանակ շատ էին քննարկումները, որ համահարթ եկամտահարակ սահմանելով՝ սոցիալական  արդարության սկզբունքը խախտում ենք: Եվ մենք այն ժամանակ դեռ ասացինք, որ պրոգրեսիվության խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում: Եվ այստեղ, իմ կարծիքով, տեղի են ունենում հեղափոխական նշանակության փոփոխությունները: Առաջինը, ընդհանրապես չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է: Հայաստանում կար իրավիճակ, երբ մինչև երեք միլիոն դրամ գույքի համար ընդհանրապես հարկ չի վճարվում: Մենք արձանագրում ենք, որ սա սկզբունքային սխալ մոտեցում է»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ամենակարևոր սկզբունքային փոփոխությունը, որը պետք է մեր մտածողության մեջ տեղի ունենա, պետական բյուջեի նկատմամբ մեր վերաբերմունքն է: «Մենք ասում ենք, որ պետական ու տեղական բյուջեի նկատմամբ պետք է վերաբերմունք փոխվի: Դա մեր համախառն ազգային գրպանն է, որը պատկանում է բոլորիս: Եվ մեր յուրաքանչյուր բարեկեցությունն ու անվտանգությունը կախված է նրանից, թե ինչքան գումար է հավաքվում այդտեղ: Հետևաբար, պետական բյուջեին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին: Եվ այս համատեքստում չհարկվող շեմի հասկացությունը պետք է վերանա»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ցածրարժեք է մարդու գույքը, ոչինչ, թող տարեկան 100 դրամ վճարի: Ֆիսկալ առումով սա որևէ նշանակություն չունեցող հարաբերություն է, բայց հոգեբանական առումով հսկայական նշանակություն ունեցող է:

Փաշինյանն ասաց. «Ընդհանուր առմամբ գույքահարկն ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն: Եթե նայենք, թե այսօր այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության սիմվոլիկ»:

Նա հավելեց, որչ մարդիկ տներ կառուցում են՝ առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, այնքան ավելի լավ: Եթե այդպես է, ուրեմն պետք է վճարեն այդպիսի սեփականություն ունեցողները,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ չորս փուլանի հարկային բարեփոխում է իրականացվելու: Մոտավորապես 500 հազար շահառուների գույքահարկն այս օրենքի ընդունումից հետո կպակասի առաջին տարում, իսկ հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ: «Այսինքն 2021 թվականը ճգնաժամային տրամաբանության մեջ կլինենք գույքահարկի առումով, հետագայում տնտեսական ակտիվությունն ու աճը կվերականգնվի, և այդ բարձրացումները կլինեն մեր իրավիճակին համարժեք»,- ասաց նա:

«Մենք զուտ բանաձևով ստանում էինք դեպքեր, երբ գույքահարկը 300-400 անգամ բարձրանում է: Եվ սա մեզ մոտ հարց էր առաջացնում, որոշեցինք տեղայնացնել՝ էդ որ դեպքում է, որ 300 անգամ բարձրանում է: Եվ պարզեցինք, օրինակ, որ դա այն դեպքերն են, երբ պայմանական այս պահին 1 դրամ է վճարվում, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարի 300 դրամ: Ունենք դեպքեր, երբ հարկը 200 տոկոսով բարձրանում է, հետո պարզեցիք, որ այդ դեպքերի մեծ մասն այն դեպքերն են, երբ վճարում է 500 դրամ, հիմա տարեկան վճարելու է 1000 դրամ: Իհարկե, մենք ունենք նաև դեպքեր, երբ շատ էական՝ 2-3 անգամ ավելանում է գույքահարկը, բայց այդ դեպքերն, անկեղծ ասած, շատ արդարացի ենք համարում, որովհետև այսօր մեծ դղյակներ կան, որոնք տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 մլն դրամ: Եվ ակնհայտ է, որ այդ սեփականատերերի համար այդ 15 մլն դրամը ոչ մի բան է ըստ էության: Համենայնդեպս, եթե մարդը այդ կարգի դղյակ է կառուցել, ուրեմն պետք է այդպես էլ լինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Spread the love