Ռուսաստանի ձեռքում գտնվող կապիտալը ազգայնացնելուց առաջ պետությունը պետք է «հազար անգամ չափի ու ձևի»

- in Տնտեսական

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին ժամանակավորապես թույլատրել է մասամբ ազգայնացնել բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ամենից շատն են տուժել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Ընկերությունները պետք է հրաժարվեն դիվիդենտների և բոնուսների վճարումից։ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, պետության կողմից շուկայի կարգավորումը պետք է իրականացվի հանրային շահի պահպանման տեսանկյունից։

Ազգայնացման դեպքում պետք է մշակվի նաև «ձեռնարկությունների կապիտալից պետության դուրս գալու ռազմավարություն»։ Եթե պետությունը որևէ ընկերության կապիտալին մասնակցի 6 տարուց ավելի, ապա պետք է ներկայացվի ընկերության վերակազմակերպման նախագիծ։

Չնայած Հայաստանը ԵՄ անդամ պետություն չէ, սակայն, ըստ որոշ տնտեսագետների գնահատման, ունի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտ-ձեռնարկությունների ազգայնացման անհրաժեշտություն։ Այս գործընթացում, իհարկե, պետք է մանրակրկիտ հաշվարկել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ու անվտանգության վերաբերյալ հարցերը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նախ նշեց՝ Եվրամիությունը կորոնավիրուսային պանդեմիայից տուժած երկրներին աջակցություն է ցուցաբերում նաև Արևելյան գործընկերության շրջանակում։ «ԵՄ-ն ոչ միայն աջակցում է իր անդամ երկրներին, այլև Արևելյան գործընկերության երկրներին։ Մեզ աջակցում է հենց այդ շրջանակում։ Մոտավորապես 80 մլն դոլար։ Դա հրատապ աջակցություն է։ Այդ աջակցության մեջ տարբեր ուղղություններ են մտնում։ Աջակցություն փոքր և միջին ընկերություններին, առողջապահական համակարգին և այլն»,- նշեց քաղաքագետը։

Ըստ քաղաքագետի՝ ԵՄ անդամ պետություններում ձեռնարկությունների մասամբ ազգայնացման փորձը Հայաստան բերելու համար պետք է բոլոր դետալները մանրամասն քննարկել, քաղաքական հաշվարկներ անել, քանի որ ՀՀ-ում գործող բոլոր կարևորագույն ձեռնարկությունները կա՛մ Ռուսաստանի ձեռքում են, կա՛մ համատեղ են․ «Պետք է նախ ուսումնասիրել, հասկանալ՝ հնարավոր է այդ գործընթացն իրականացնել։ Կարո՞ղ է Հայաստանն առանց մյուս կողմի հետ համաձայնության ազգայնացման գործընթաց սկսել, թե՞ ոչ»։

Գրիգորյանի խոսքերով, այսպես ասած, Ռուսաստանի ձեռքում գտնվող կապիտալը ազգայնացնելը քաղաքական խնդիրներ կարող է առաջացնել, Ռուսաստանը, միանշանակ, կնեղանա։ «Դա լուրջ հետևանքներ կունենա։ Ես կառավարությանը խորհուրդ չէի տա այդ ճանապարհով գնալ։ Բայց ցանկացած երկրի դեպքում էլ հնարավոր է դա ազդի ներդրումների վրա։ Ցանկացած գործարան, մեծ օբյեկտ, որն ունի տարբեր սեփականատերեր, որի բաժնետոմսերը խառն են, խնդրահարույց է»,- շեշտեց Գրիգորյանը, ավելացնելով՝ Ռուսաստանի պարագայում պետք է հաշվի առնել նաև ՀՀ անվտանգության հարցը։

«Ռուսաստանը լծակներ ունի հարվածելու։ Ես ուղղակի խորհուրդ չեմ տալիս։ Իսկ եվրոպական բաժնետոմսերի մասով պետք է շատ ուշադիր լինել, քանի որ կան միջազգային խաղի կանոններ, պարտավորություններ։ Եթե պետականացնես, ոչ մի ներդրում Հայաստան չի գա։ Դա ակնհայտ է։

Նույնիսկ եթե օրենքը թույլ է տալիս։ Ռուսաստանի դեպքում նաև անվտանգության խնդիր է առաջ գալու, մյուս երկրների դեպքում՝ ներդրումների»։ Քաղաքագետը կարծում է՝ նման գործընթացներ սկսելուց առաջ պետությունը պետք է «հազար անգամ չափի ու ձևի»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments