Դատական համակարգը արդեն ուղղորդված գործում է ընդդեմ Հայաստանի

- in Պնակալեզներ

Ընդամենը երկու օր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայելով ապացուցեց, թե ինչու ու ինչպես Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն, թե ինչու հնարավոր չէ կիրառել  բարեվարքության իրական ու ոչ թե ձևական կանոններ, որոնք կստիպեն դատավորներին նախկինից տարբերող գործեալոճ որդեգրել:

Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել անցած տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին, սպանություններին իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին ու կողոպտողներին արդարացրած դատավորները։

Նույն այն դատավորները, որոնք մինչև օրս էլ գտնվում են նախկին իշխանությունների ու օլիգարխիայի ուղղակի և անուղղակի ազդեցության ներքո:

Այսօր հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչիկ Սարգսյանը արդարացրել եւ առաջադրված մեղադրանքում (Արթուր Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) անպարտ է ճանաչել «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։

Դատական համակարգը արդեն ուղղորդված գործում է ընդդեմ Հայաստանի և ընդդեմ թավշյա հեղափոխության հռչակած արժեքների։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի թեթև ձեռքով դատական իշխանությանը տրված ինդուլգենցիան թույլ է տալիս թավշյա հեղափոխությունը նույնացնել դոնպիպոների, չոռնիների, լֆիկների հետ։

Հեղափոխությունը բռնել է պարտության ճամփան, որովհետև ռեկտի, արյունոտ պատմությունների մեջ բռնված Արթուր Ասատրյանը չի կարող հեղափոխությունից հետո հարուցված խայտառակ քրեական գործով անպարտ ու անմեղ ճանաչվել:

Եթե դատական իշխանության թեթև ձեռքով պետությունն աչք է փակում Դոն Պիպոյի զինված բանդայի, քրեական վարքագծի վրա, նշանակում է վաղն առերեսվելու է, օրինակ, «օրենքով գող» Զապի հնարավոր քրեական ապստամբության փաստի հետ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում:

Պատկան մարմինների առաջնահերթ գործառույթը պետք է լինի Էջմիածնում ծավալվող քրեական հեղաշրջումը կանխելը և Դոն Պիպոյին ու նրա բանդային պատասխանատվության ենթարկելը: Անկարելի է թույլ տալ, որ որևէ քաղաքում, գյուղում, մարզում հանցագործ աշխարհը քողարկվի հակահեղափոխական դատավորների կայացրած դատական ակտերի ստվերում քրեական օրակարգ հրապարակ բերելու նպատակով:

Եվ այսպիսի ապօրինի և հակապետական դատական ակտերից հետո նույնիսկ իշխող հեղափոխական ուժը միամտորեն որոշել է դատավորներին ինքնամաքրման շանս տալ։ Ու ստացվում է, որ հարկատուները ոչ միայն շարունակելու են վարձատրել հանցավոր այդ դատավորներին, այլ ինչպես պարզ դարձավ նախօրեի քննարկումից, նաև ավելացնելու են նրանց աշխատավարձերը: Ասել, որ սա հիասթափեցնող է, նշանակում է ոչինչ չասել, քանի որ ցավալի խորհրդանշականությամբ հեղափոխության հաղթանակի երկորդ տարեդարձի օրերին մենք ականատես ենք լինում Դոն Պիպոյի շատ խորհրդանշանակ հաղթանակին հեղափոխության նկատմամբ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments