Դատարանն ազատեց նախկին վարչապետներին. Երկրորդ նախագահը տանուլ տվեց պարտիան

- in Վերլուծական

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, որ ներկայացրել էին նրա պաշտպանները հերթական անգամ: Միջնորդությունը ներկայացված էր Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Անուշավան Դանիելյանի եւ Կարեն Կարապետյանի երաշխավորությամբ:

Երաշխավորությունը փաստորեն դեր չունեցավ, դատարանը Ռոբերտ Քոչարյանին թողեց կալանատանը: Միաժամանակ, Աննա Դանիբեկյանը փաստացի ազատեց նախկին վարչապետներին Ռոբերտ Քոչարյանից: Իհարկե, խոսքը պայմանական ազատման մասին է, համենայն դեպս այն իմաստով, որ նրանք կատարեցին իրենց պարտքը երկրորդ նախագահի հանդեպ, եւ Ռոբերտ Քոչարյանը հազիվ թե նրանց հանդեպ ունենա որեւէ առարկություն կամ դիտողություն:

Կասկածից վեր է, որ այդ երեւույթը պայմանավորված է Հայաստանի նախկին իշխող համակարգի շրջանակում դեռեւս հեղափոխությունից առաջ եղած, միեւնույն ժամանակ հեղափոխությունից հետո թե ուժգնացած, թե այլ բնույթ ստացած հարաբերությունների պարզաբանման գործընթացով:

Ռոբերտ Քոչարյանը խնդիրը դրել է բավական հստակ՝ ինչու՞ է համակարգը «ազատության» մեջ, իսկ ինքը՝ կալանատանը: Ինչու՞ է հեղափոխությունը «շրջանցել» բոլորին, իրենից բացի: Եվ այդտեղ թերեւս ներկայացվում են փոխադարձ թե դիտողություններ, թե փաստարկներ, թե «ալիբիներ»: Իհարկե, պետք չէ բացառել եւ հանգամանքը, որ գործընթացը ներառում է նաեւ մարդկային, ընկերական, մտերիմ հարաբերությունների որոշակի համատեքստ, որոշ անձանց պայմաններում:

Այդուհանդերձ, կա մի հանգամանք, որը թերեւս հուշում է, որ բուն գործընթացում դրանք եթե տեղ ունեն, ապա շատ քիչ: Ի վերջո, դրանում ներգրավողները խիստ ռացիոնալ մարդիկ են, դա վկայել է նրանց կենսագրությունը: Ըստ այդմ, այդ ռացիոնալ մարդիկ անկասկած լավ են պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանի գործում եթե դեր չի խաղացել Պուտինի «երաշխավորությունը», ապա իրենց երաշխավորությունը չի ունենալու: Ըստ այդմ, հազիվ թե զուտ մարդասիրական մղումով լինի այդպիսի նախաձեռնություն, որովհետեւ այդ պարագայում դա միայն հարվածելու է իրենց, եւ որոշակի առումով նաեւ Ռոբերտ Քոչարյանին:

Ըստ այդմ, խնդիրը հենց նախկին համակարգի ներքին շրջանակում միանգամայն պրագմատիկ հարաբերություններն ու միմյանց ներկայացվող հարցերը, դիտողությունները, փաստարկներն ու արդարացումներն են: Ռոբերտ Քոչարյանն այդ գործընթացում տանուլ տվեց հերթական պարտիան, հերթական անգամ կանգնելով ընտրված պաշտպանական մարտավարության աննպատակահարմարության ու անարդյունավետության առաջ:

Երկրորդ նախագահի համար ըստ երեւույթին առավել արդյունավետը կլինի հիմնվել զուտ փաստաբանական թիմի մասնագիտական կարողության վրա եւ հնարավորինս արագ անցնել զուտ դատական պաշտպանության գործընթացին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments