Putin Aliev

Նախօրեին Երևանի կենտրոնում, գիշերը, տեղի է ունեցել միջադեպ, որի թիրախում է եղել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ-որ մի անձ տեսախցիկը միացրած մոտեցել է արտաքին գործերի նախարարին, գիշերը ուշ ժամի, և բավականին սադրիչ տոնով հարցեր ուղղել արցախյան կարգավորման գործընթացի մասին՝ նախարարին գործնականում մեղադրելով ոչ բավարար հայրենասիրության համար: Այդ հանգամանքը նկատելիորեն հունից հանել է արտաքին գործերի նախարարին, ինչին թերևս նպաստել է թե՛ այն, որ հարցերը հնչել են սադրիչ տոնով, թե՛ այն, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը, այսինքն՝ աշխատանքային ծանր օրվա ավարտին:

Սակայն կա թերևս նաև մեկ այլ հետաքրքիր «զուգահեռ». նախօրեին ադրբեջանական ուժերը գնդակոծել են Տավուշի սահմանային Բերքաբեր գյուղը: Լռել են հայկական զինուժի պատասխանից հետո: Բերքաբերի ուղղությամբ կրակն էլ եղել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների տեսակոնֆերանսից հետո: Տեսակոնֆերանսից առաջ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել էր, թե հայկական կողմը իր կոշտ դիրքորոշմամբ արգելակում է բանակցությունը և չի ուզում խաղաղ կարգավորում: Տեսակոնֆերանսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը պատասխանել էր՝ արտահայտելով Երևանի դիրքորոշումը: Դրանից հետո Բերքաբերի ուղղությամբ կրակը վկայում է, որ իրականում Երևանը ԱՊՀ արտգործնախարարների ձևաչափում բավականին կոշտ պատասխան է տվել Ադրբեջանին: Դրան էլ փաստորեն հաջորդում են Բերքաբերի ուղղությամբ կրակը և Հայաստանի արտգործնախարարի հանդեպ սադրանքը Երևանում՝ կեսգիշերին:

Իհարկե, չկա որևէ փաստական կապ՝ այսպես ասած, սահմանային և կեսգիշերային սադրանքների միջև, բայց պատկերը բավականին խոսուն է՝ հատկապես նկատի ունենալով այն, որ նախարարին մոտեցողն անընդհատ հղում է արել Լավրովի հայտնի հայտարարությանը: Դա այն դեպքում, երբ Երևանը գործնականում դրանից հետո բազմաթիվ անգամներ, այդ թվում՝ վարչապետի, արտգործնախարարի, ԱԳՆ խոսնակի մակարդակով շատ հստակ է տվել դրա հետ կապված կոշտ պատասխանն ու Հայաստանի դիրքորոշումը: Դա միայն Բաքվի՞ն դուր չի եկել, թե՞ նաև Ռուսաստանին: