Դա վիրավորանք է հայկական բանակի սպայի ու զինվորի հանդեպ. պարզունակ շանտաժ

- in Կեղտոտ լվացք
Zinvor

Ադրբեջանական պրոպագանդան ոգեւորորությամբ արձանագրում է, որ հայ-ռուսական հարաբերության խնդիրները ռազմական շանս են Ադրբեջանի համար:

Պրոպագանդիստները հավատում են իրենց այդ «բանաձեւին», թե ոչ, այլ հարց է: Բայց, պետք է նկատել, որ այդ մտածողությունը, «բանաձեւը» բնորոշ է ոչ միայն ադրբեջանական պրոպագանդային: Դրա կրողն են նաեւ հայաստանյան մի շարք շրջանակներ:

Առերեւույթ, թվում է, որ հայ-ռուսական հարաբերության խնդիրները իսկապես կարող են լինել Ադրբեջանի կանաչ ճանապարհ, քանի որ Բաքվին կանգնեցնում է Ռուսաստանը:

Նախ, այդ մտածողությունը կամ բանաձեւն ինքնին անհարգալից է հայկական բանակի, հայկական զինուժի, սպաների ու հրամանատարների համար, ընդ որում թե նրանց, ովքեր բանակում են ընդհուպ արցախյան առաջին պատերազմից, եւ թե նրանց, ովքեր բանակում են դրանից հետո: Բանն այն է, որ Բաքվին թե առաջին պատերազմում, թե քառօրյա պատերազմում կանգնեցրել ու հաղթել են հայկական զինուժի սպաներն ու զինծառայողները: Ընդ որում, 18-ամյա զինվորներ, որոնք փաստացի ջարդել են ադրբեջանական էլիտար ստորաբաժանումներին:

Դրանից բացի, արցախյան առաջին պատերազմի մասնակից սպաներն ու զինվորները ոչ միայն Բաքվին են կանգնեցրել, հաղթել, այլ փաստացի կռվել են ռուսական այն ստորաբաժանումների դեմ, որոնք ադրբեջանցիների համար գրավել են հայկական տարածքներ:

Այդ փաստը շատ լավ գիտե օրինակ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, որը բազմաթիվ անգամներ է հայտարարել, թե 1992 թվականին ռուսական բանակի ստորաբաժանումներն ինչպես են գրավել Շահումյանի շրջանը՝ Ադրբեջանի համար:

Այդպիսով, պատմական այդ իրողության պայմաններում մտածել, թե Բաքվին զսպողը Ռուսաստանն է, անհարգալից եւ վիրավորական է հայկական բանակի եւ պետականության հանդեպ:

Անխոս, Ռուսաստանն ունի Կովկասում պատերազմ զսպելու էական գործառույթ եւ կարողություն, բայց ամբողջ հարցն այն է նաեւ, որ հայկական բանակի եւ պետության դիմադրունակության, պաշտպանունակության, մարտունակության հանգամանքն է նաեւ, որ Ռուսաստանին ստիպում է կատարել ռեգիոնալ պատերազմ զսպելու իր գործառույթը:

Իսկ այդ հարցն իրականում շատ ավելի խորքային է, եւ Ռուսաստանը ամենեւին Հայաստանին պաշտպանելու համար չէ, որ ստանձնել է այդ գործառույթը, ընդ որում` աշխարհքաղաքական պատասխանատվության համատեքստում: Ռուսաստանն իր այդ դերը ստանձնել է իր իսկ պաշտպանության համար, որովհետեւ ռեգիոնալ պատերազմը սպառնալիք է առաջին հերթին Ռուսաստանի համար:

Այդ պատերազմը պետք է ավարտվի կամ Ռուսաստանի ռեգիոնալ պարտությամբ, կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Մոսկվան չի ուզում թե մեկը, թե մյուսը: Ըստ այդմ, հայ-ռուսական հարաբերության խնդիրները ուղիղ կապ չունեն խորքային այդ ռազմաքաղաքական հանգամանքի հետ, այլ թերեւս գտնվում են ավելի շուտ շանտաժի դաշտում, այդօրինակ օգտագործման ենթարկվելով գուցե նույնիսկ ընդհանուր ցուցումով,  թե Ադրբեջանում, թե նաեւ հայկական որոշակի շրջանակներում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments