Դիմակների շուկայում ՏՄՊՊՀ ուսումնասիրություններն ավարտվել են: ՏՄՊՊՀ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության փաստի հիմքով վարույթի հարուցումը: Այս մասին Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Հետևյալ երևույթն է տեղի ունեցել, մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիս ժամանակահատվածը, որովհետև դեկտեմբերի դիմակի գները կարծես կարգավորված էին և որևէ խնդիր չկար: Համեմատել ենք բոլոր խոշոր 7 ընկերությունների մարժաները և գնային քաղաքականությունները և նախնական ունենք հետևյալ պատկերը: Նախ, ներկրման արժեքը միանշանակ թանկացել է մոտ 10 անգամ: Բայց բացի ներկրման արժեքի թանկացումից մի հատ մեծածախ ձեռքբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մի հատ էլ մանրածախ վաճառքի վրա է մարժա կիրառվում: Եվ այս մարժաների չափը մեզ անհանգստացրել էլ և դրա հիման վրա էլ իրականացրել ենք ուսումնասիրություններ»,- ասաց նա:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս իրավախախտումը չափազանց ծանր է, և պատասխանատվությունը չափազանց մեծ է՝ նախորդ տարվա ամբողջ շրջանառության հասույթի մինչև 10 տոկոսը: Ընդ որում՝ եթե տնտեսվարողները փոխկապակցված են, այդ բոլորի հասույթի մինչև 10 տոկոսի չափով է պատիժը:

«Հայաստանում դիմակի ամենաբարձր գինը, որը ֆիքսում ենք, 220 դրամ է, ամենահասարակ դիմակի մասին է խոսք գնում: Երկու արտադրություն կա, դրանց ինքնարժեքն էլ ենք հաշվել, սակայն կա մեկ արատավոր երևույթ՝ ՀՀ-ում արտադրված դիմակն էլի մեր տնտեսվարող սուբյեկտները ձեռք են բերում մեծածախ, հետո նոր տալիս են դեղատների ցանցին: Այսինքն՝ էլի երկու մարժա է գումարվում»,- ասաց նա:

ՏՄՊՊՀ նախագահը նաև ասաց, որ պարետատան նիստում երեկ քննարկել են, գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառել: Եվ այս պարագայում մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, որովհետև միջնորդները դուրս կգան:
Spread the love