Gaz

Ադրբեջանցի Ֆամիլ Սադիգովը, որը «Գազպրոմ» ընկերության կառավարիչ Միլլերի տեղակալներից է, դարձել է ընկերության սովորական բաժնետերերից մեկը: Նրա բաժնետոմսերի ծավալն իհարկե մեծ չէ, սակայն բանն այն է, որ «Գազպրոմի» սովորական բաժնետոմսերի ցանկացած սեփականատեր կարող է մասնակցել ընկերության կառավարման բարձրագույն օղակի՝ Բաժնետերերի ժողովի աշխատանքին:

Անշուշտ, որևէ կերպ հաված չենք դրամատիզացնելու ադրբեջանցի Սադիգովի կարգավիճակը, սակայն օրինակը թերևս հատկանշական է գազային հարցում հայ-ռուսական բավականին բարդ հարաբերության ֆոնին: Եվ որքան էլ նախկին իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ այդ հարաբերությունը բարդացել է թավշյա հեղափոխությունից հետո, իրականում այդ հարաբերությունը բարդ է եղել միշտ, և գազային հարցում ռուսական մահակի հարվածի տակ ընկել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, պարզապես թույլ չեն տվել այդ կապակցությամբ տեղեկատվական աղմուկի ծավալում և միաժամանակ հարվածի տակից դուրս են եկել Հայաստանի ռազմավարական կարողությունների հաշվին:

Եվ այդ իմաստով, երբ տեսնում ենք «Գազպրոմում» ադրբեջանական հնարավորությունների թեկուզ փոքր, սակայն ծավալում, և միաժամանակ Հայաստանի հանդեպ գազպրոմյան նկրտումների ծավալում, գործնականում պարզ է դառնում այն ամբողջական պատկերը, որ անցնող երկու տասնամյակի ընթացքում ձևավորվել է հայ-ռուսական գազային համաձայնության տիրույթում:

Ներկայումս Հայաստանը Ռուսաստանի հետ բավականին բարդ քննարկումների մեջ է՝ սահմանին գազի գնի նվազեցման առնչությամբ: Մոսկվան ակնհայտորեն դիմադրում է կամ, ավելի շուտ, մերժում և, հնարավոր է, էժան գնի դիմաց Հայաստանի առաջ դնում քաղաքական պահանջներ: Սա մի կողմից՝ հասկանալի դիրքորոշում է, ինչպես հասկանալի է, օրինակ, Արցախի հարցում ադրբեջանական դիրքորոշումը: Հայաստանի և Արցախի համար բացարձակապես ոչ ընդունելի, բայց հասկանալի: Եվ միաժամանակ հասկանալի է նաև նրանով, որ Ադրբեջանը Հայաստանի հակառակորդն է: Մինչդեռ Ռուսաստանը դիտարկվում է իբրև ռազմավարական դաշնակից: Բայց եթե Ադրբեջանը սպառնում է պատերազմով, ապա Ռուսաստանը հայտարարում է գազային պատերազմ: Հարցը այդ խորության մեջ է, և չկա առանձին հայ-ռուսական գազային հարց:

Այդ հարցը, հաշվի առնելով դրա էներգետիկ կարևորությունն ու էներգետիկայի կարևորությունը երկրի տնտեսական անվտանգության համատեքստում, Արցախի հարցից հետո դառնում է Հայաստանի համար թերևս թիվ երկրորդ կարևոր հարցը՝ գործնականում ստեղծելով լյուստրացիոն միջավայր, թե ով է այդ հարցում Հայաստանի հետ և ով՝ Հայաստանի դեմ: