Եթե Սարգսյանը չգար, կգայի՞ն Բակո Սահակյանը, Կարեն Կարապետյանը

Bako Sahakyan

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հարցերին պատասխանելու համաձայնություն է հայտնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը մի քանի օրից թողնում է պաշտոնը:

Հանձնաժողովի հարցերին մայիսի 11-ին պատասխանել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանձնաժողովը հարցերին պատասխանելու համար հրավեր է ուղարկել նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ի՞նչ պատահեց հանկարծ, որ սկսվեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այդպիսի հոսք ապրիլյան քննիչ հանձնաժողով: Դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանից հետո, որը անսպասելիորեն համաձայնեց մասնակցել հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին: Ավելին, Սարգսյանը հայտարարեց նաև, որ արտակարգ դրության չեղարկումից հետո պատրաստվում է տալ մեծ ասուլիս այդ թեմայով և պատասխանել լրագրողների բոլոր հարցերին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի ներկայանալը կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: Փաստորեն, առնվազն մի շարք գործիչների առումով դա այդպես էլ ստացվում է՝ առնվազն հանձնաժողով ներկայանալու տեսանկյունից: Իհարկե հնարավոր չէ ասել՝ եթե Սարգսյանը չգար, կգայի՞ն Բակո Սահակյանը, Կարեն Կարապետյանը: Բայց փաստ է, որ Սարգսյանից հետո նրանք գալիս են, այն դեպքում, երբ թվում էր, թե Սերժ Սարգսյանը պետք է լիներ վերջին մարդը հանձնաժողովի եզրակացությունից առաջ: Եվ անգամ այդ տրամաբանությամբ հաջորդականության մասին եղել են ակնարկներ հանձնաժողովի նախագահի և անդամների հրապարակային ավելի վաղ արած հայտարարություններում:

Մեծ հաշվով ստացվում է, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ փոխվել է տրամաբանություն՝ քաղաքական տրամաբանություն, կամ այդ մասնակցությունն է տրամաբանություն փոխել, ընդ որում՝ ոչ թե պատերազմի հանգամանքների ուսումնասիրման, այլ դրա քաղաքական խորքային համատեքստի:

Բանն այն է, որ այդ համատեքստը մեծ հաշվով թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով հասնում է մինչև թավշյա հեղափոխություն և դրանից հետո էլ մինչև այս օրերի բուռն ու թեժ զարգացումներ: Խոսքն իհարկե դրվագների մասին չէ, այլ քաղաքական իրողությունների տողատակի: Այդ տողատակերը պետք է բացվեն ամբողջությամբ՝ Հայաստանի քաղաքական էվոլյուցիայի ճանապարհը բացելու համար:

Դժբախտաբար, տեղի ունեցած հեղափոխությունը՝ ռևոլյուցիան, կամա թե ակամա փակեց տողատակերը կամ սառեցրեց դրանք, սակայն ի վիճակի չեղավ փոխել միջավայրը՝ այդ տողատակերը ժամկետանց դարձնելու կամ մարգինալացնելու համար: Եթե միջավայրը չի փոխվում, ապա դրանք վերստին պետք է բացվեն, իսկ հանրությունն անցնի դրանց միջով դեպի նոր միջավայր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments