Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց շինարարական աշխատանքների մասին՝ նշելով, որ դրանցից մի քանիսին ընդհատվել են, քանի որ չի իրականացվել տեխնիկական վերահսկողություն:

«Եվ ինչո՞ւ չի իրականացվում, որովհետև եղել են ընկերություններ, որոնք ներկայացրել են բանկային կեղծ երաշխիքի փաստաթղթեր: Այդպիսի մի ընկերություն ևս ներկայացրել է կեղծ բանկային երաշխիքի փաստաթուղթ, և այդ ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյան ընտիքի հետ: Իսկ մենք գիտենք, որ Հայկ Ղալումյանը՝ Իջևանի համայանքապետի պաշտոնակատարը, ձեր քավորն է: Ուզում եմ հասկանալ՝ արդյոք կա հարուցված քրեական գործ այս փաստի առնչությամբ, թե ոչ»,- հարցրեց Անի Սամսոնյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ դեպքը բացահայտել է վարչապետին ենթակա մարմին Պետական վերահսկողական ծառայությունը, գործերն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն, և որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: «Ինչ վերաբերում է ազգակցական կապերին, Հայաստանը փոքր երկիր է, եթե փորփրենք, կարող է ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն: ՀՀ-ում շատ քիչ կան մարդիկ, ովքեր կապի կապի կապով իրար հետ կապված չեն: Ժամանակակից գիտությունը այսպիսի մի հետաքրքիր հայտնագործություն է արել, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու հետ չորրորդ մարդու միջոցով ծանոթ է: Եթե դուք ակնարկում եք, որ այստեղ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, դուք սխալ պատկերացում ունեք գործող իշխանության մասին: Իմ պատասխանը հետևյալն է՝ յուրաքանչյուրն իր մտապատկերի շրջանակում պետք է պատկերացում կազմել կառավարության հնարավոր գործողությունների մասին: Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության: Եվ  կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության և ձեր՝ ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»,- ասաց վարչապետը:
Spread the love