Ուզբեկստանում պաշտոնյաների համար նախատեսված տուգանքի մասին օրինագիծը հարուցել է Մոսկվայի դժգոհությունը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան ճեպազրույցում կոշտ արձագանք է տվել: Ուզբեկստանում նախատեսում են տուգանել պաշտոնյաներին, եթե նրանք պետական գործերը վարեն պետական ուզբեկերենից բացի այլ լեզվով:

Բանն այն է, որ այստեղ այլ լեզուն գործնականում ռուսերենն է, եւ Զախարովան դժգոհություն է հայտնել, ասելով, որ նոր օրինագծի կողմնակիցները փոքրամասնություն են: Նա հայտարարել է, որ մեկնաբանությունները վկայում են, որ մեծամասնություն են ռուսերենը ամբողջ ծավալով պահպանելու կողմնակիցները:

Պատմությունն առանձնակի ուշադրության է արժանի մի քանի առումով: Օրերս հայտնի դարձավ, որ Տաշքենդը հավակնում է ստանալ ԵՏՄ դիտորդի կարգավիճակ: Այդ ֆոնին թվում է, որ Մոսկվան պետք է ընդունի գրկաբաց, սակայն խնդիրը թերեւս ավելի խորն է եւ առնչվում է կենտրոնասիական ռեգիոնում լուրջ վերափոխումների հետ:

Բանն այն է, որ հեռանկարում այստեղ կարող է էապես թուլանալ մի կողմից թյուրքական ազդեցությունը, որ տարածվում է թյուրքալեզու պետությունների դաշինքի ձեաչափով, մյուս կողմից՝ ռուսական ազդեցությունը, որ տարածվում է եվրասիական նախագծերի ձեւաչափերով:

Իսկ դրա գեներատորը անկասկած ամերիկա-չինական դիմակայությամբ երկբեւեռ կարգի հաստատման դինամիկան է: Նոր իրավիճակը արդեն իսկ բերել է թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի հանդեպ Ղազախստանի քաղաքականության փոփոխության միտումների: Այդ ֆոնին Ուզբեկստանի եվրասիական մերձեցման փորձը ստանում է հարաբերական խորություն. Ուզբեկստանը մեկ մոտեցել է եվրասիական ռուսական նախագծերին, մեկ հեռացել դրանցից: Ըստ այդմ, պատկերավոր ասած՝ մերձեցումը կարող է լինել ընդամենը հեռանալու սկիզբ:

Ռուսաստանին դա անշուշտ կարող է հաղորդել զգուշավորություն, նաեւ այն իմաստով, որ կենտրոնասիական գոտում ազդեցության թուլացմանը զուգահեռ, կարող է առաջանալ եվրասիական ռուսական նախագծերում թյուրքալեզու պետությունների միավորման ազդեցության տարածման միտում, որով Անկարան կարող է փորձել փոխհատուցել կենտրոնասիական գոտում իր հեռանկարների թուլացումը:

Այդ տեսանկյունից հիշարժան է նախորդ տարի Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ Վեհաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի եւ Ուզբեկստանի նախագահի հանդիպումը, որը հետխորհրդային շրջանում առաջինն էր այդպիսի ձեւաչափով: Կողմերը քննարկել էին քաղաքական երկխոսությունը շարունակելու եւ տնտեսական կապերը զարգացնելու հարցը:

Դա կարող է բարձրացնել Հայաստանի ճկունությունը եվրասիական-կենտրոնասիական խաղում՝ որն անկասկած էապես փոխկապակցված է լինելու Կովկասի ուղղությամբ ամերիկա-չինական երկբեւեռ ձեւաչափի ազդեցությանը: Այդ խաղում Երեւանը պարտադրված է լինել սուբյեկտ, առավել եւս ունենալով բազմակողմանի խաղի պատմա-քաղաքակրթական հնարավորություն:

Spread the love