ԵՏՄ-ն ապրում է ռազմա-քաղաքական կամ քաղաքակրթական հոգեվարք

- in Վերլուծական

ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի և գազի գնագոյացման մեխանիզմի մասին Հայաստանի և Բելառուսի հարցադրումների մերժումը և ավելի խոր ինտեգրացիայի պայմանի առաջադրումը, մեծ հաշվով, առերևույթ վկայելով Ռուսաստանի մեծապետական հավակնության մասին, գործնականում կարող է արտացոլել նաև պարզապես ռազմա-քաղաքական կամ քաղաքակրթական հոգեվարք:

Ի դեպ, Պուտինն օրերս հայտարարել էր նաև, որ Ռուսաստանը լոկ պետություն չէ, այլ քաղաքակրթություն: Այդ հայտարարությունը բավականին տարօրինակ է՝ հաշվի առնելով այն, որ ինքնին ռուսական քաղաքակրթություն ասվածի որոշակի պատմա-քաղաքական արհեստականությամբ հանդերձ, այն առավել արհեստական է հնչում եվրասիականության գաղափարի շրջանակում: Որովհետև այդ շրջանակում են երկրներ, որոնք որևէ կերպ ենթակա չեն ռուսական քաղաքակրթության հետ ասոցացման: Հետևաբար՝ Պուտինի հայտարարությունը կամ պարզապես քաղաքական ցայտնոտի վկայություն է, կամ, դրանից բացի, նաև ցայտնոտից դուրս գալու ելքի փնտրտուքի, այն իմաստով, որ Պուտինն, ըստ երևույթին, ապակենտրոն գործընթացներ և միտումներ է սադրում եվրասիական տարածությունում:

Բանն այն է, որ 2011-12 թվականներն ու 2020 թվականը աշխարհաքաղաքական առումով բացարձակապես տարբեր ժամանակներ են, և բացարձակապես տարբեր է այդ ժամանակների Ռուսաստանը: Մի պայմանական օրինակ: Եթե 2011-12 թվականները նավթային դրախտի «ոսկեդարն» էին, ապա այժմ մենք ականատես ենք «ժանգոտ դարին»: Իսկ նավթագազային ասեղի վրա նստած Ռուսաստանի համար այդ ասեղը ստանում է արդեն փուչիկը պայթեցնելու նշանակություն: Եվ, եթե եվրասիական ակումբի բեռը Պուտինի համար ոչինչ էր թվում 2011-12-ին, և նա թերևս համարում էր, որ նավթն ու գազը լիուլի բավարար են, Ռուսաստանից բացի, մի քանի այլ երկրներ էլ պահելու համար, ի վերջո, շատ բան չէ՝ մի երկու Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ ավելի, ապա այժմ Պուտինը տեսնում է, որ դրանք բավարար չեն անգամ Ռուսաստանին, անգամ Մոսկվային ու Սանկտ Պետերբուրգին հազիվ: Միևնույն ժամանակ, սակայն, ինչպե՞ս ազատվել այդ բեռից: Դա այդքան էլ հեշտ բան չէ, հայտարարել, որ Ռուսաստանի համար եվրասիական ակումբն այլևս ոչ ցանկալի կամ, ավելի շուտ՝ չբարձրացվելիք քաշ է: Այստեղ արդեն անգամ «ցարի պատվի» հարցն է: Ըստ այդմ, առաջանում է որոշակիորեն կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելու և տարամետ, ապակենտրոն տրամադրություն խթանելու անհրաժեշտություն՝ ակնկալիքով, որ ակումբի անդամներն իրենք կանեն մնացածը: Կանե՞ն: Այդ հարցը բաց է, բայց ակնառու է, որ ԵՏՄ ապագան, առնվազն այս գաղափարա-բովանդակային տեսքով, այլևս փակված է, մնացածը՝ ժամանակի հարց:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments