Երեք ակնարկ. Էդվարդ Նալբանդյանը կհանձնի՞ Ռուսաստանին

- in Ով ով է ...
Eduard Nalbandyan

Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը հեռավար զրույց է ունենալու Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը գտնվում է Ռուսաստանում:

Ինքնին հանգամանքը, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովը ներգրավում է արտաքին գործերի նախարարին, արդեն իսկ հետաքրքիր է: Բանն այն է, որ այդ հանգամանքը վկայում է գործընթացի բավականին մեծ՝ ռազմա-քաղաքական ընդգրկման մասին:

Դա համարժեք ընդգրկում է, քանի որ հնարավոր չէ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանք ուսումնասիրել եւ դրա վերաբերյալ գալ եզրակացության, եթե չի ներառվում հենց ամբողջական շրջանակը: Իսկ այդ իմաստով, ապրիլյան պատերազմը, Արցախի ու Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան ունեցել է արտաքին քաղաքական, աշխարհքաղաքական հենարան:

Միջազգային քաղաքականության մեջ Ադրբեջանը չունի այն կշիռը, որ թույլ տա ինքնուրույն կայացնել ագրեսիայի իրագործման որոշում: Ադրբեջանական ագրեսիան ներքին սպառման դաշտից իրագործման դաշտ տեղափոխվել է աշխարհքաղաքական աջակցության պարագայում, եւ այդ աջակցության առանցքային դիրքում եղել է Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետությունը՝ Ռուսաստանը:

Այդ աջակցությունը Ռուսաստանը ցուցաբերել է բացահայտորեն, թե ուղղակի, թե անուղղակի ռազմա-քաղաքական գործողություններով: Դրա նպատակը եղել է ադրբեջանական ագրեսիայի խթանման միջոցով ստեղծել իրավիճակ, երբ երկու կողմերին կպարտադրվեր ռուսական ռազմական ներկայություն Արցախում: Մեծ հաշվով, այդ հանգամանքը ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցի առիթով ցուցադրված վավերագրական ֆիլմում բավական թափանցիկ ակնարկով բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ, Սարգսյանն այդ իմաստով հայտարարություն արել էր դեռեւս նախագահ եղած շրջանում՝ 2016-ի ապրիլի 22-ին Երեւանում ՌԴ արտգործնախարար Լավրովին ընդունելիս, եւ 2017 թվականի մարտին ՄԳԻՄՕ-ում ելույթի ընթացքում: Սարգսյանը Լավրովին հարցրեց՝ «ասացեք խնդրեմ, թե ինչպես դա եղավ: Մենք գիտենք իհարկե, բայց կուզենք լսել նաեւ ձեր կարծիքը»: ՄԳԻՄՕ-ում Սարգսյանը հայտարարեց, թե՝ երբ Հայաստանը ռուսաստանցի եւ ՀԱՊԿ գործընկերներին հայտարարում էր, որ Ադրբեջանը գնում է պատերազմի, նրանք պատասխանում էին, թե դա ներքին սպառման համար է:

Ի դեպ, ՄԳԻՄՕ շրջանավարտ է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, որին լսելու որոշում ապրիլյան հանձնաժողովը կայացրել է Սերժ Սարգսյանին լսելուց հետո:

Ապրիլյան ադրբեջանական ագրեսիան կասեցրեց հայկական բանակը: Բայց պատերազմի հանգամանքների լայն ուսումնասիրությունը հարց է առաջացնում՝ հնարավո՞ր չէր այն կասեցնել  արտաքին քաղաքական փուլում: Հայաստանում թերեւս եղել է հակառակ պատկերը, եւ այդ շրջափուլում իրականացվել է արտաքին քաղաքականություն, որը մեծ հաշվով սպասարկել է ռուսական այն քաղաքականությունը, որը խրախուսում էր ադրբեջանական ագրեսիայի հասունացումն ու իրագործումը:

Այդ իմաստով, Սերժ Սարգսյանն արդյոք հանձնաժողովին է «հանձնել» Էդվարդ Նալբանդյանին, եւ նա էլ իր հերթին «կհանձնի՞», թե կծածկի Ռուսաստանին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments