Դեռևս մեկ ամիս առաջ կառավարությունը հրապարակել էր իր ռազմավարությունը համավարակի հետ կապված՝ ասելով, որ մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի համավարակի հետ զուգահեռ: Բայց այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ: Այս մասին կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարում կորոնավիրուսը դեռ ներկա է լինելու: Եվ եթե հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք խնդրի առաջ, հավելեց վարչապետը:

«Նոր կորոնավիրուսի տարածման տեսանկյունից երկրում ստեղծվել է ծանր իրավիճակ, և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ: Այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք ըստ էության գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Եվ այս ընթացքում պարետատունը հաստատել է ոլորտային անվտանգության կանոններ: Մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն, մասնագետների հետ քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալ համոզման՝ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը: Հետևաբար, մեր գործիքակազմի մեջ այսօր հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը և մեծ հաշվով հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին»,- ասաց նա:

Երկրորդ մեթոդը, ըստ վարչապետի, վարչական մեթոդն է: Որոշվել է, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն անվտանգության այդ կանոնները:

Spread the love