Հայաստանի և Ադրբեջանի միջև նշմարվում է մրցակցություն Ռուսաստանի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական Գերմանիայի հետ գործակցության մեղադրանքների առնչությամբ:

Ադրբեջանցիները մեղադրում են Հայաստանին, հայերին՝ թիրախավորելով Նժդեհին, իսկ Հայաստանը ի պատասխան մեղադրում է ադրբեջանցիներին, և օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսով Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆաշիստների հետ գործակցած ադրբեջանական լեգեոնի վերաբերյալ փաստեր, և փաստեր նաև այն մասին, թե ինչպես է Բաքվի իշխանությունը նախագահ Ալիևի մակարդակով պատվել մարդու հիշատակ, որը գործակցել է ֆաշիզմի հետ:

Վարչապետ Փաշինյանի ներկայացրած փաստերը բավականին անհարմար դրության մեջ են դնում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Նժդեհին թիրախավորած Ռուսաստանին: Ըստ ամենայնի դա է նաև պատճառը, որ Ռուսաստանի որոշ ԶԼՄ-ներում թափ է հավաքում Նիկոլ Փաշինյանի պապի թիրախավորման թեման, որն, ըստ հրապարակումների, իբրև թե գործակցել է Վերմախտի հետ: Դա Ռուսաստանի՞ց եկող քարոզչություն է, թե՞ Ադրբեջանից, որը բավականին կլոր գումարների դիմաց շրջանառվում է ռուսական դաշտում, ըստ էության նույնիսկ չունի առանցքային նշանակություն, թեև հասկանալը անշուշտ կարևոր է:

Այսպես թե այնպես Երևանն իհարկե ներքաշվում է Ադրբեջանի հետ տեղեկատվական մի պատերազմի մեջ, որի էությունը Ռուսաստանի կամ անմիջապես Պուտինի առաջ «արդարանալն» է: Եվ պետք է նկատել թերևս, որ դեռևս 2016 թվականին Հայաստանում Նժդեհի արձանը կանգնեցնելու պատմության առիթով Զախարովայի մեջտեղ բերված «թեզը» փաստորեն հեռահար ժամանակահատվածում սկսել է աշխատել՝ ըստ էության նաև վկայելով, որ Զախարովան ամենևին էլ, այսպես ասած, անձնական պաշտոնեական վրիպում կամ սադրանք չէ, որ թույլ էր տվել, այլ դրել էր մշակված հեռահար մի ծրագրի սկիզբ, որի նպատակը Հայաստանին ու Ադրբեջանին Մոսկվայի առաջ «արդարանալու», այսպես ասած, մրցավազք պարտադրելն էր: Դա, ցավոք սրտի, ստացվում է:

Երևանը մի կողմից՝ չի կարող անտեսել Հայաստանի հանդեպ ադրբեջանական մեղադրանքները, մյուս կողմից՝ ըստ էության հայտնվում է մի թելադրված տեղեկատվական պատերազմի գործընթացում, որը խլելու է ռեսուրս, էներգիա, այն դեպքում, երբ դրանք հնարավոր էր տրամադրել տեղեկատվական առավել ռացիոնալ ու երկարաժամկետ խնդիրներ լուծելու ուղղությամբ, այդ թվում՝ հենց Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմի առավել կարևոր ուղղությունների առումով:

Երևանին անհրաժեշտ է գտնել այդ անպտուղ և «արդարացումների» մրցավազքից դուրս գալու ճանապարհը՝ միաժամանակ ընդհանրապես փակելով թե՛ ազգային հերոս Նժդեհի հարցում, թե՛ ընդհանրապես այդ թեմատիկայով Մոսկվայի առաջ արդարանալու թեման: