MIED dat

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին վճիռ է հրապարակել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության կապակցությամբ: 2004 թվականին բոլորիս ցնցած այդ ոճրագործությունը կատարվել էր ՆԱՏՕ ուսումնական ծրագրի ընթացքում, Բուդապեշտում:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ ատելության ազգամիջյան հողի վրա: Ռամիլ Սաֆարովը ցմահ ազատազրկման դատապարտվեց Հունգարիայում, սակայն հերոս հռչակվեց Բաքվում՝ պետական մակարդակով: 2012 թվականին Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին՝ Հունգարիային մի քանի միլիարդ դոլարի ներդրումային խոստման դիմաց:

Ադրբեջանում Սաֆարովը ազատ արձակվեց և հերոսացվեց էլ ավելի պաթետիկ կերպով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին հրապարակել է վճիռ, որով արձանագրում է, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։

Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահովումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)։ ՄԻԵԴ-ը համարել է նաև, որ Ադրբեջանը խրախուսել է Սաֆարովի ոճրագործությունը: Այդպիսով, ՄԻԵԴ վճռով Ադրբեջանը դե ֆակտո ճանաչվում է պետություն, որը հովանավորել և խրախուսել է դաժան մարդասպանությունը, հերոսացրել ոճրագործին: Մեծ հաշվով, այստեղ չկա որևէ նորություն, կա պարզապես վաղուց հայտնի իրողության պարզ արձանագրում: Եվ Բաքվի համար, իհարկե, տհաճ արձանագրում՝ նկատի ունենալով այն, որ օրերս Ադրբեջանը մեծ ոգևորությամբ պաշտոնական պրոպագանդայի մակարդակում արձանագրում էր հաջողություններ եվրոպական դիվանագիտության ուղղությամբ: Իհարկե, առավել ցավալի է այն, որ այդ հաջողությունները պրոպագանդան արձանագրում էր՝ հղում անելով հայաստանյան, այսպես ասած, ընդդիմադիր գործիչների: ՄԻԵԴ վճիռը, թերևս, սառը ջուր է Բաքվի վրա: Բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է արձանագրել թերևս ամենակարևորը՝ ՄԻԵԴ վճիռը կարևորագույն խաղաքարտ է Երևանի ձեռքին, քաղաքական, դիվանագիտական ջանքի համար:

Բանն այն է, որ Երևանի համար ՄԻԵԴ վճիռը չպետք է մնա զուտ բարոյական հաղթանակի մակարդակում, այլ պետք է «կապիտալիզացվի» եվրոպական դաշտում առնվազն և, իհարկե, հնարավորության սահմանում միջազգային լայն ասպարեզում: Եվրոպական պետությունների հետ աշխատանքում պետք է ՄԻԵԴ վճռի հիմքով առարկայորեն արձանագրվի, թե ինչպիսի պետություն է Ադրբեջանը, և ում հետ գործ ունեն եվրոպական արժեհամակարգի կրող երկրները: Բանն այն է, որ դրանք այլևս զուտ հակամարտության մեջ գտնվող հայկական կողմի հռետորաբանության դրսևորումներ չեն, այլ եվրոպական հեղինակավոր բարձր դատարանի վճռով կատարված արձանագրում, որի հանդեպ եվրոպական պետությունները չպետք է մնան անտարբեր և անհաղորդ:
Spread the love