ERPBH transport

Երևանում արդեն դեպքեր են գրանցվել, որ ուղևորները վեճի են բռնվում վարորդների հետ, որպեսզի թույլ տան իրենց կանգնած երթևեկեն: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Երթուղայինների հաճախականության ավելացումը կապված կլինի ուղևորափոխադրումների ծավալից, աննախադեպ ցածր ուղևորափոխադրում կա այս պահի դրությամբ: Մեզ հարկավոր է, որպեսզի հասկանանք՝ այդ ուղևորափախադրումն ինչ տենդենց ունի, կարծում եմ՝ այս մի քանի օրվա ընթացքում կհասկանանք, այնուհետև կկարողանանք որոշում կայացնել: Այս պահի դրությամբ 95 տոկոս դեպքերում, եթե ամբողջությամբ համալրված են լինում նստատեղերը, մեր քաղաքացիները տրանսպորտ չեն նստում: Որոշ դեպքեր ունենք, որ քաղաքացիները վեճի են բռնվում վարորդի հետ և ցանկանում են, որպեսզի իրենք կանգնած երթևեկեն, բայց այս պահի դրությամբ հանձնարարականն այնպիսին է, որ եթե քաղաքացիները չեն ենթարկվում, ապա ավտոբուսները կանգնում են և չեն շարժվում, մինչև քաղաքացին չիջնի ավտոբուսից»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Նա նշեց, որ հաջորդ կարևոր հարցն այն է, թե ինչպես պետք է վերահսկողություն սահմանվի 800 Գազելների և ավելի քան 300 ավտոբուսների նկատմամբ: «Ինչքան էլ մենք հավելյալ ներուժ ներգավեինք, որպեսզի այդ վերահսկողությունն իրականացնեինք, այդ մարդկային ռեսուրսը չկա: Այդ պատճառով կխնդրեմ մեր քաղաքացիներին, որպեսզի ուշադիր լինեն կողքի այլ քաղաքացիների նկատմամբ, եթե ինչ-որ բան սխալ են անում, հորդորել ուղղել»,- հավելեց նա: