Ինչքանո՞վ էր զուտ քաղաքական հայտարարություն Կարեն Կարապետյանի այն պնդումը, թե դիզվառելիքն անորակ է եղել

karen-karapetyan

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հրավերը։ Վերջինս, ինչպես հայտնի է, այս օրերին Հայաստանում է, եկել է ՀՀ և Արցախի նախկին վարչապետների հետ երաշխավորելու՝ փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

Թե ինչն է Կարեն Կարապետյանին այդ հանձնաժողով հրավիրելու շարժառիթը, հիշեցնենք ևս մեկ անգամ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականի մարտի 1-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից:

Նույն կարծիքը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն արել էր Ավանում կուսակցության քարոզարշավի ժամանակ՝ մարտի 13-ին. «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»,- ասել էր վարչապետը:

Կարեն Կարապետյանի այս հայտարարությունները, սակայն, ըստ այլ գերատեսչությունների, չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, նույն տարվա մարտի 14-ին ՊՆ-ն պաշտոնապես հերքել է բանակում անորակ վառելիքի հետ կապված խնդիրները՝ նշելով, որ վառելիքը ենթարկվում է ստուգումների, իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ տեխնիկայի խափանման դեպքեր չեն արձանագրվել:

Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, վարչապետ է նշանակվել 2016թ․ օգոստոս ամսին։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հանձնաժողով ներկայանալու որոշումը միանշանակ դրական է։ «Սկզբունքորեն, Ապրիլյան օրերի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայանալն ու իմացածը պատմելը նպաստելու է ճշմարտության բացահայտմանը։ Այդ իմաստով ես դրական եմ գնահատում Կարեն Կարապետյանի որոշումը։ Այստեղ շատ մեծ է Անդրանիկ Քոչարյանի դերը հանձնաժողովի ներսում և շուրջը համապատասխան մթնոլորտ ստեղծելու հարցում, որպեսզի նրանք էլ գան ու իրենց իմացածը պատմեն»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ ինչքանո՞վ էր զուտ քաղաքական հայտարարություն Կարեն Կարապետյանի այն պնդումը, թե դիզվառելիքն անորակ է եղել, և այդ պատճառով զինտեխնիկան չի աշխատել։ Հիշեցրինք նաև, որ պաշտպանության նախարարությունը ժամանակին այդ պնդումը հերքել էր. «Կարծում եմ՝ հենց այդ հարցն էլ կքննարկի հանձնաժողովը, ու խոսակցությունը դրա շուրջ կգնա»։

Մեր հաջորդ դիտարկմանը, թե մենք շատ հանձնաժողովներ ենք տեսել, որոնց գործունեությունը որևէ արդյունք չի տվել, ինչքանո՞վ վստահ լինենք, որ այս հանձնաժողովի աշխատանքները կծառայեն իրենց նպատակին, Մեհրաբյանն արձագանքեց. «Այո՛, մենք նման հանձնաժողովներ տեսել ենք, բայց ես գոնե այս հանձնաժողովի գործունեության շարժառիթների նկատմամբ կասկածներ չունեմ»։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելը ճիշտ էր։ «Քանի որ հասարակության մոտ երկար տարիներ առաջացել են հարցեր՝ անպատրա՞ստ էինք, թե՞ ոչ։ Կան օդում կախված լուրեր, որոնց պատասխանները պետք է տրվեն։ Քանի որ Կարեն Կարապետյանն էլ ժամանակին հայտարարեց, որ որոշ տեղերում տանկերում վառելիք չի եղել, անորակ է եղել՝ շատ կարևոր է հենց իրենից ինֆորմացիա ստանալ։ Գուցե արժեքավոր տեղեկություններ հաղորդի քննիչ հանձնաժողովին»,- ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ նույնիսկ եթե ակնառու, մեծ բացահայտումներ չանի հանձնաժողովը, լավ կլինի, որ հասարակության մոտ եղած կասկածները փարատվեն. «Կան տեղեկություններ, որ որոշ տեղերում զենք չի եղել, որոշ տեղերում վառելիք չի եղել… այժմ շատ լավ կլինի, որ հանձնաժողովը համապարփակ ձևով ուսումնասիրի տեղի ունեցած խնդիրները։ Բոլորն էլ ընդունում են, որ որոշակի բացթողումներ ունեցել ենք։ Այժմ նույնիսկ զինվորականներն են այդ մասին խոսում։ Լավ կլինի, որ մենք այդ բացթողումների վրա անենք եզրակացություններ, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն։ Իսկ եթե եղել են նաև հանցակազմ պարունակող բացթողումներ, պետք է նաև քրեական գործեր հարուցվեն, ու բոլոր մեղավորները օրենքի առաջ պատասխան տան»։

Եզրափակելով՝ Վարդանյանն ասաց՝ հանձնաժողովի աշխատանքը չափազանց կարևոր է ու էլ ավելի կարևոր է, որ այն անաչառ գործի, մասնագիտական գործունեություն ծավալի։ «Այդ դեպքում այս հանձնաժողովի գործունեությունն արդարացված կլինի»,- եզրափակեց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments