Էդմոն Մարուքյանը գնաց «սպեցնազի» հետեւից

Edmon Marukyan

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի խորհրդարանի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ու պատգամավոր Մանե Թանդիլյանին: Հանդիպման ընթացքում խոսվել է խորհրդարանական կապի զարգացման, ներքին ու արտաքին քաղաքական հարցերի մասին:

Էդմոն Մարուքյանի Արցախ այցն ու Բակո Սահակյանի հետ հանդիպումը թերեւս չէր արժանանա նկատելի ուշադրության, եթե չլիներ երկու հանգամանք: Մի քանի օր առաջ ԼՀԿ նախագահը իր նախաձեռնությամբ սրճել էր Հայաստանի վարչապետի հետ եւ խոսել Արցախի հարցից: Հանդիպումից անմիջապես հետո նա հայտարարեց, որ հարցի առնչությամբ չունի ոչ մի մտահոգություն եւ չի քննարկվում որեւէ փուլային տարբերակ:

Հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, խորհրդարանում տեղի ունեցավ հայտնի միջադեպը, երբ Սասուն Միքայելյանի հետ Մարուքյանի լեզվակռիվը ավարտվեց բախումով, Միքայելյանը, իսկ հետո մի քանի իմքայլական պատգամավոր հարվածեցին Մարուքյանին: Դրան էլ հաջորդեց Մարուքյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթ, որի էությունն այն էր, որ Մարուքյանը «քոչարյանա-սերժական սադրիչ» է:

Հիմա, ի՞նչն է տարել Էդմոն Մարուքյանին Արցախ՝ Նիկոլ Փաշինյանի հետ սու՞րճը, թե՞ Սասուն Միքայելյանի հետ կռիվը: Մայիսի 9-ին Հաղթանակի տոնի առիթով Արցախում էր Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ընդ որում, Երեւանից այդպիսի ներկայացուցչական պատվիրակության հանգամանքը հետաքրքիր է: Համենայն դեպս, կորոնավիրուսային հատուկ ռեժիմի պարագայում:

Հնարավոր է ենթադրել, որ Արցախում տոնական ոգեւորությունից բացի, քննարկվել են նաեւ քաղաքական հարցեր, ինչի մեկ այլ վկայություն է նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանի որոշումով մայիսի 11-13 Արցախ է գործուղվում նաեւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Արցախը եղել է, կա, եւ թերեւս կլինի հետխորհրդային անկախ Հայաստանի ներքաղաքական կյանքի յուրօրինակ «մատրիցա», երբ բնազդաբար, ենթագիտակցաբար, կամ միանգամայն գիտակցված, անելանելի վիճակներում «բոլորը դիմում են Արցախին»: Ընդ որում, այստեղ խնդիրը Արցախն է, ոչ թե նա, ով տվյալ պահին նախագահում կամ ղեկավարում է Արցախը:

Որովհետեւ երկու շաբաթ անց Արցախն ունենալու է գործող նոր նախագահ: Բայց հազիվ թե Երեւանից դեպի Արցախ այդ մեծ հոսքը պայմանավորված է լոկ այդ հանգամանքով: Ըստ ամենայնի, հարցն այն է, որ այդ հանգամանքը տեղավորվելու է Հայաստանում գալիք նոր որոշակի իրողությունների համատեքստում: Չի բացառվում, որ նաեւ այդ պատճառով Էդմոն Մարուքյանը փորձել է հետ չմնալ, կամ դուրս չմնալ եւ հատուկ նշանակության օժանդակություն ստանալ Արցախում: Բանն այն է, որ վարչապետի հետ հանդիպումն ու հաջորդած հայտարարությունը հուշում էին, կամ թողնում տպավորություն, որ Մարուքյանը հավակնում է այդ հեռանկարում որոշակի քաղաքական տեղի եւ դերի: Հնարավոր է, որ անգամ հենց այդ հանգամանքն էր նրան հաջորդ օրը ոգեւորել խորհրդարանի ամբիոնի մոտ, բայց Սասուն Միքայելյանը փչացրեց ամեն ինչ: Այժմ Էդմոն Մարուքյանը գնացել է Արցախ քաղաքական «սպեցնազի» հետեւից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments