Inqnatir

Թուրքիայում մահվան սպառնալիքներ են ստացել 13 տարի առաջ ատելության հողի վրա սպանված Հրանտ Դինքի այրին եւ Դինքի անվան հիմնադրամը: Թուրքիայում ատելության մթնոլորտը ուժգնանում է: Վերջին օրերին խուլիգանության թիրախ են դարձել հայկական եկեղեցիները:

Թուրքիայի ներսում ատելության ալիքը ըստ ամենայնի Էրդողանի քաղաքական խնդիրների արտացոլումն է: Հատկանշական է, որ կրտսեր ու ավագ եղբայրները՝ Էրդողանն ու Ալիեւը փաստորեն ագրեսիվացել են զուգահեռ, եւ երկուսի թիրախն էլ հայկական է: Անկասկած է, որ Էրդողանը լավ է զգում ամենախոցելի տեղը, եւ մինչ հարված չի ստացել այդտեղից, փորձում է ինքն առաջինը հարվածել:

Դեռեւս փետրվարի վերջին Էրդողանը բարձրագույն խորհրդով քննարկել է հայկական հարցին հակազդելու քայլեր, իսկ նրա խորհրդականը հայտարարեց, որ այդ հարցն ընդհուպ կարող է պառակտել Թուրքիան:

Իհարկե, հայկական հարցի շուրջ առեւտրի գործընկեր Էրդողանը Հայաստանին չէ, որ դիտարկում է,  այլ Նահանգներին եւ ռուսներին: Բանն այն է, որ նրանք կարծես թե սկսել են բավականին հետաքրքիր մի «մուկնուկատու», ընդ որում թե Սիրիայում, թե Լիբիայում:

Պենտագոնն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանը Սիրիայից օդուժ է տեղափոխել Լիբիա: Մինչ այդ դրա մասն գրում էին միայն ԶԼՄ-ները, կամ խոսում էր Տրիպոլիի կառավարությունը, որը վայելում է Թուրքիայի քաղաքական եւ ռազմական աջակցությունը: Այդ աջակցությամբ Անկարան ուժեղ հարվածներ էր հասցրել Ռուսաստանի հովանին վայելող գեներալ Հավթարին, որը գլխավորում է Լիբիական ազգային բանակն ու կռվում Տրիպոլիի կառավարության դեմ: Հարվածի թիրախ էր ոչ միայն ռուսական աջակցություն վայելող գեներալը, այլ նաեւ ռուսական գովական սպառազինությունը: Ռուսաստանն օդուժ է տեղափոխել Լիբիա՝ հակահարվածի եւ առնվազն հեղինակությունը վերականգնելու համար: Հայտարարելով օդուժի մասին, Պենտագոնը թերեւս ստեղծում է մի վիճակ, որը փակում է ՌԴ նահանջի ճանապարհը, այդ թվում եթե ոչ բացառում, ապա շատ դժվարացնում Անկարայի հետ պայմանավորվելը:

Միաժամանակ, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը մոտ երկու շաբաթ առաջ հայտարարել էր նաեւ, որ ամերիկացիների նպատակն է Սիրիաում խանգարել ռուսական ներկայությանն ու պլաններին, ստեղծել նրանց համար ճահիճ: Եվ դարձյալ, ԱՄՆ կարծես թե այդօրինակ հայտարարություններով Մոսկվային դրդում է պատվախնդիր քայլերի: Իսկ բանն այն է, որ դրանք այսպես թե այնպես ստացվում են քայլեր Թուրքիայի դեմ: ՌԴ նախագահ Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիր, որով Ռուսաստանին են անցնում Սիրիայի հետ 2015-ին կնքված համաձայնագրով նոր ջրային եւ ցամաքային բազային տարածքներ:

Ռուսաստանի համար Սիրիան ամերիկացիները իսկապես վերածել են ճահճի, այդպիսով զսպելով Թուրքիային: Այն, որ Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ու Թուրքիայի տեղը նեղանալու է, կանխատեսեցի իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո, որ իրականացրին ամերիկացիները: Դա ստեղծեց բոլորովին նոր իրավիճակ, գործականում կազմալուծելով Աստանայի եռակողմ՝ ՌԴ, Իրան, Թուրքիա ձեւաչափը: Դրանից հետո տարվա առաջին կիսամյակում արդեն երկրորդ ռազմական թեժ բախումն է Թուրքիայի եւ ՌԴ միջեւ՝ Իդլիբ, հետո Լիբիա:

Էրդողանն ըստ ամենայնի համարում է, որ Ռուսաստանի ձեռքով Նահանգների սեղմած օղակը կանգնեցնել հնարավոր է միայն հայերի հարցում անցնելով լայն ճակատով շանտաժի՝ Ալիեւը Բաքվից, ինքը՝ Թուրքիայից ու Նախիջեւանից:

Անկասկած է, որ Հայաստանը չի կարող լինել դիտորդ, բայց միաժամանակ չունի նաեւ ամբողջ ճակատը լոկ ռազմա-տեխնիկական բաղադրիչով ծածկելու հնարավորություն՝ թուրքական կողմը բաց է մնում, իսկ այդ հարցում էլ հայերը ապավինում են ռուսական զինուժին: Այդ դրությունը սակայն հայկական կողմին թույլ չի տալիս լինել սուբյեկտ: Մյուս կողմից, Հայաստանը սահմանափակ լինելով այդ սուբյեկտության ռազմա-տեխնիկական կարողությամբ, ունի այդ սահմանափակությունը իրավա-քաղաքական գրեթե անսպառ ռեսուրսով փոխհատուցելու ներուժ, բարձրացնելով 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի հարցն ու այդպիսով ինքը գծելով ռուսական ներկայության պատասխանատվության շրջանակը: