«Թալանվածի վերադարձը» երկար ու ձանձրալի գործընթաց է, որը կարող է տարիներ տեւել

- in Կարծիք
arthur-davtyan

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությունը պատշաճ ուշադրության չի արժանացել: Մինչդեռ, նա ազդարարել է Հայաստանում ապագա ներքաղաքական զարգացումների հնարավոր վեկտորը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն ասել է, որ Հայաստանում 100 ընկերություններից բաղկացած սինդիկատ է ստեղծվել, որը կառավարվում է 1-2 կենտրոնից: Նա նշել է, որ այդ պնդման համար ապացուցողական հենք հավաքելը շատ դժվար է. առաջին, ամեն ինչ այնպես է արված, որ ոչ ոք հետո ոչ մի բան չգտնի, երկրորդ, ապացույցների համար պետք է համագործակցություն այլ երկրների հետ (իսկ դա խնդրահարույց է), երրորդ, այնպիսի մասշտաբներ են, որը դժվար է մշակել նյութերի ողջ ծավալը:

Գլխավոր դատախազն ասել է, որ ապացույցներն առայժմ բավարարել են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար:

Գլխավոր դատախազի հայտարարությունը նշանակում է, որ «թալանվածի վերադարձը» երկար ու ձանձրալի գործընթաց է, որը կարող է տարիներ տեւել: Տոտալ «մերկացումներ» չեն լինի, միայն «անհատական», եւ հարցն այն է, թե ով է ընտրում անձանց:

Բայց ենթադրենք, որ չարաշահումների ապացույցներ կգտնվեն բազմաթիվ հայկական ընկերություններում, որոնք կապված են նախկին իշխանությունների հետ: Ենթադրենք, անօրինական հարստության բռնագրավման մասին օրենքի կիրառմամբ այդ ընկերություններն ու սեփականությունը կբռնագրավվեն:

Պետությունը մտադի՞ր է ազգայնացնել այդ ընկերությունները եւ իր կառավարիչներին նշանակել: Թե՞ կառավարությունը հույս ունի վաճառելու այդ ձեռնարկություններն ու սեփականությունը: Բայց ո՞վ Հայաստանում կհամարձակվի հայտարարել, որ այդ ակտիվները գնելու փող ունի: Իսկ եթե դրանք չվաճառվե՞ն, արդյոք դրանց չի սպասվի Ծաղկաձորի Գոլդեն Փելըս հյուրանոցի ճակատագիրը, որը ոչ ոք չի ուզում գնել:

Կառավարությունն այդպես էլ չի հրապարակել իրավական բարեփոխումների տնտեսական մոնետիզացիայի հայեցակարգը: Քչերն են կասկածում, որ Հայաստանում խոշոր բիզնեսը հազվադեպ կարող էր ստեղծվել առանց չարաշահումների ու իշխող ուժի աջակցության: Բայց չէ՞ որ կապիտալիզմի պատմությունն սկսվում է առաջին միլիոնի լեգալացմամբ:

Հիբրիդային ճանապարհներ չեն լինում՝ պետությունը կամ օրինականացնում է ամբողջ կապիտալը, կամ էլ ամբողջը բռնագրավում է: Կառավարությունը պետք է շատ հստակ հայտարարի, թե որ ճանապարհն է ընտրել: Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, օրինակ, ասում է, որ նախկին իշխանությանն առաջարկում են պետբյուջե վճարել թալանվածը ու աշխատել օրենքով: Նրա խոսքով, այդպիսի օրինակներ կան արդեն:

Այսինքն, ընտրվել է հիբրիդային ճանապարհը, որը հղի է «կոմիսարների» ամենաթողությամբ: Ինչպե՞ս է որոշվելու «փրկագնի» չափը եւ ինչպե՞ս են վարվելու նրանց հետ, որոնք չեն պատրաստվում վճարել: Արդյո՞ք այդ միջոցառումները չեն կիրառվի քաղաքական մրցակիցների դեմ: Ու՞մ կհասնեն բռնագրավված սեփականությունն ու ակտիվները: Ինչպե՞ս են ընտրելու՝ ում լեգալացնել, ում ոչ:

Միքայել Մինասյանը, օրինակ, պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է գործարք քաղաքական լոյալության դիմաց: Կան արտահոսքեր, որ հեղափոխությունից հետո մի շարք ձեռնարկություններում, օրինակ, ԶՊՄԿ-ում, բաժնետերերի փոփոխություն է տեղի ունեցել, որը հաստատել է նաեւ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը: Արդյո՞ք դա արվել է գործարքի շրջանակում: Բայց ներքաղաքական ճգնաժամը խորացել է, իսկ դա նշանակում է, որ հիբրիդային մեթոդը չի աշխատում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments