Դատավորների թվի ավելացում, աշխատավարձերի բարձրացում, ծանրաբեռնվածության նվազեցում

- in Պաշտոնական

ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյան վեթթինգի գործընթացում առավել կարևորում է ոչ թե այն, թե ով է լքելու համակարգը, այլ թե ով է համալրելու. այդ նպատակով դատական համակարգը գրավիչ է դարձվում լավ դատավորների համար:

Բադասյանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը:

Վարչապետը նշեց՝ կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացել է, որ իշխանությունը բավարար մասշտաբով չի  լուսաբանել դատական օրենսգրքում տեղի ունեցած և արդեն ուժի մեջ մտած փոփոխությունները: Նա նկատեց՝ շատերն ասում են, թե կառավարությունը վեթթինգ է խոստացել, սակայն մոռացել խոսումը: «Ես կուզենայի, որ զրույցի ընթացքում մանրամասնեինք, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում դատական համակարգում Դատական օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց նաև, որ աշխարհում եղել են վեթթինգի փորձեր, որոնց իմաստը եղել է ամբողջ դատական համակարգը դնել մի կողմ, եղել է իրավիճակ, որ երկրում վակուում է առաջացել, երկրում ընդհանրապես դատարան չի եղել, արդյունքում 10 անարդարների հետ 10 արդարների էլ են դուրս մղել համակարգից:

Բադասյանն արձագանքեց. «Իմ կարծիքով ավելի կարևոր է, թե ոչ թե ով է լքելու դատական համակարգը, այլ, թե ով է համալրելու դատական համակարգը»:

Նա հնչեցրեց մի քանի թիվ, բարեփոխում, որով դատական համակարգի գրավչությունը բարձրացնելու են և վստահ են լինելու, որ կարող են ունենալ պատասխանը հարցի, թե ով է համալրելու դատական համակարգը: «Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ը Առաջին ատյանի դատարանում, 44-ը Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Ի՞նչը պետք է փոխվի, որ դատական համակարգը գրավիչ լինի մասնագետների համար: Ընդ որում, իմ հնչեցրած թվերից ունենք 7 թափուր հաստիք: Վերջին 2 տարվա ընթացքում այն հավակնորդների թիվը, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը և ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում, 30  է: Այսինքն, վերջին 2 տարում ունենք 30 հավականորդ, ընդ որում մի մասը դեռ չի ավարտել ուսումնառությունը»,-ասաց նախարարը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե այդ թիվն ինչի մասին է խոսում: Բադասյանը արձագանքեց՝ դա շատ ցածր թիվ է: Դա ևս մեկ վկայություն է, որ դատական համակարգը մեծ թվով լավ մասնագետների համար գրավիչ չէ: «Մասնակցության ցածր մակարդակ կա, ինչն առաջին ազդակն է, որ լուրջ փոփոխությունների պետք է գնանք: Կարծում եմ ՝ առաջին պայմանը արժանի աշխատավարձն է, վարձատրությունն է: Արդեն ունենք կոնկրետ ձևակերպված փաստաթուղթ: Դատական դեպարտամենտը նաև մեր հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ: Դա ենթադրում է, որ եթե կառավարության կողմից ընդունվի, 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, 2021-ին՝ 60 տոկոսով և 2022-ին 70 տոկոսով»,-ասաց Բադասյանը:

Այժմ Առաջին ատյանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար: Եթե 2020-ին աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա, ապա աշխատավարձը կկազմի արդեն 991 հազար դրամ, 2021-ին՝ 1 մլն 57 հազար, 2022-ին ՝ 1 մլն 123 հազար դրամ:

Փաշինյանը նկատեց՝ դատավորների աշխատավարձերի բարձրացումն արվում է ոչ թե դատավորների համար, այլ այն բազմահազարանոց քաղաքացիների համար, որոնք վարչապետին, նախարարին դիմում են գրում, ասում, թե դատարանը անարդար լուծում է տվել որևէ հարցի: «Պարզ է, որ դա արվում է նաև դատավորի համար, սակայն դա արվում է նրա համար, որ դատավորի աշխատանքն այնքան գրավիչ լինի, որ գան ներգրավվեն ամենաբարձր մակարդակի մասնագետները: Սա արվում է նրա համար, որ դատական համակարգի որոշումներից բավարարված լինեք և վստահ լինեք, որ դա արդար, օրինական որոշում է»,-ասաց վարչապետը:

Պետությունը արդեն կատարել և դեռ նախատեսում է որոշ գործառույթների թվայնացման միջոցով դատավորների ծանրաբեռնվածության նվազում, դատավորների թվի ավելացում: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը:

Բադասյանը նշեց՝ թվայնացման գործընթացն արագացվում է, ավելի ճիշտ՝ սկսվում է 0-ից: «Էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացումը, քննարկումը, վերջնական դատական ակտի կայացումը և դատական ակտը  համակարգից դուրս հանելը թվայնացված չէ: Արդեն առաջին քայլն արված է, վճարման կարգադրությունների գործընթացն ամբողջությամբ թվայնացված է»,-ասաց նախարարը:

Վարչապետ հետաքրքրվեց, թե դա մարդու կյանքում ինչ է փոխում: Բադասյանն արձագանքեց՝ դա մարդու կյանքում անուղղակի փոփոխություն  է մտցնում: Նա նկատեց՝ հաճախ անձն իր իրավունքների համար դիմում է դատարան, սակայն դատավորն իր վարույթում կարող է ունենալ 2000-3000 գործ, թղթաբանությունն է շատ լինում: Նախարարը նշեց՝ վճարման կարգադրությունները հիմնված են անվիճելի վճարային պարտավորությունների վրա, այսինքն այդտեղ, որպես այդպիսին, վեճ չկա:

«Եթե դատավորը կրճատի իր ժամանակը  այդ գործիքների  վրա, կկարողանա ուշադրություն դարձնել այն վեճերին, որտեղ իրավունքների  խախտում կա: Սրանով թեթևացնում ենք դատավորի բեռը, որպեսզի դատավորը կարողանա իրական վեճ պարունակող գործերով ավելի մեծ ուշադրություն դարձնել»,-ասաց նա ու նշեց՝ այս պահին Աջափնյակի դատարանում դա կիրառվում է, նախատեսում են կիրառել Երևանի բոլոր դատարաններում:

Վարապետի համապատասխան որոշմամբ աշխատանքային խումբ է աշխատում քրեական դատավորության ողջ գործընթացը թվայնացնելու, տեխնիկական պահանջները մշակելու ուղղությամբ:  Նախարարը տեղեկացրեց նաև, որ ԲԴԽ-ն առաջարկել է նաև 6-ով ավելացնել Վարչական, Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը, 6-ով՝ Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների թիվը, որը ևս կբերի ծանրաբեռնվածության նվազեցման:

Վստահ լինելու համար, որ արժանի դատավորներն են համալրելու բարեփոխված դատական համակարգը, նախարարությունը նաև ներդրել է երկու գործիք Դատական օրենսգրքում: «Դա համարում ենք թեկնածուների բարեվարքության ստուգում: Առաջինը՝ հոգեբանական թեստավորումն է, այն հիմա էլ է իրականացվում է, սակայն դա, կարելի է ասել, որ ձևական բնույթ է կրում: Ցանկացած թեկնածու անցնելու է լուրջ ծրագրով, լավագույն միջազգային փորձով հոգեբանական թեստավորում,  և ԲԴԽ-ն թեկնածության քննարկման ժամանակ ունենալու է խորհրդատվական եզրակացություն: Բարեվարքության ստուգումը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում անձի նախորդ գործունեությունների, կարգապահական պատասխանատվության մասին, իր և ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ, թե իր օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ»,-ասաց նախարարը:

Փաշինյանը հարցրեց. «Իսկ այդ գույքային վիճակի հայտարարագիրը և իրականությունը համեմատելու ռեալ գործուն մեխանիզմներ ունե՞նք»:

Բադասյանը պատասխանեց՝ այո, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ունի հասանելիություն, ֆինանսական տվյալներին մատչելիություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments