Հայաստանում եւ Ռուսաստանում «փորձագետները» սկսել են ավելի հաճախ խոսել այն մասին, որ Հայաստանում «հեղաշրջում» է հասունանում:

Սա թրոլինգ է Հայաստանի իշխանությունը փոխելու նպատակով մտածված արշավի շրջանակու՞մ, թե ակտիվության իրավիճակային իմիտացիա: Եվ եթե այդ արշավը կա, որքանո՞վ է համաձայնեցված Հայաստանի եւ Ռուսաստանի որոշակի շրջանակների միջեւ:

Այն, որ Մոսկվայում ու Երեւանի «մասնաճյուղերում» կան ուժեր, որոնք Հայաստանում հեղաշրջում են ցանկանում, կասկած չի հարուցում: Նախկինում էլ են ներքին ցնցումներ խթանելու փորձեր եղել: Կարելի է հիշել Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսման սկանդալը եւ այլն: Բայց այդ փորձերն ընդամենը ավելի են մերկացրել հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները:

Փետրվարի 26-ին Սոչիում տեղի էր ունեցել Լազարեւյան ակումբի չորրորդ նիստը, որում հայտարարվել էր, որ հաջորդ նիստը կայանալու է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: «Անցկացման վայրը ճշտվելու է՝ հաշվի առնելով հասարակական-քաղաքական իրավիճակը Հայաստանում», – նշված էր Լազարեւյան ակումբի հայտարարությունում (ի դեպ, Լազարեւյան ակումբի կայքում գլխավոր հոդվածը վերնագրված է «Նիկոլը պետք է հեռանա»):

Լազարեւյան ակումբը մայիսին վերջին Հայաստանում ի՞նչ «քաղաքական իրավիճակ» է ակնկալում: Ապրիլի 5-ին նշանակված էր սահմանադրական հանրաքվե, ապրիլի 7-ին պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի գործով դատը, իսկ մարտի 31-ին՝ Արցախում ընտրությունները: Լազարեւյան ակումբում սպասու՞մ էին, որ այս կամ այլ միջոցառումները նոր «քաղաքական իրավիճակ» կձեւավորեին եւ ցնցումների կհանգեցնեն:

Կորոնավիրուսն իր փոփոխությունները մտցրեց, բայց հիմա էլ Մոսկվայում եւ Հայաստանում Մոսկվայի հետ կապված շրջանակներում պատրաստվում են նոր իրավիճակին՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր ու անհնար առիթները: Լավրովի հայտարարությունները գազի ու փուլային կարգավորման մասին անմիջապես քաղաքական ապրանքի վերածվեցին, որի գինն ավելացնում են, մինչեւ այն պայթի:

Լավրովի հայտարարությունների մասին սյուժեն չեզոքացվեց, բայց հիմա էլ 40 տոննա մաքսանենգ ծխախոտի պատմությունն է ծավալվում, որի ապօրինի արտահանման հետեւում, ըստ հրապարակումների, կանգնած է Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը: Հակոբյանը, ի պատասխան այդ մեղադրանքի, հարց է ուղղել՝ արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի հավաքագրվել օտար երկրի կողմից: Հակոբյանն ակնարկել է նաեւ, որ այդ հարցը չի բարձրաձայնվել, որ հավաքագրած երկրի հետ հարաբերությունները չփչանան:

Տեղեկություններ կան, որ ծխախոտի մաքսանենգությունը լավ մշակված բիզնես էր, որն աշխատել է երկար տարիներ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հարց է տալիս, թե ինչու է դրա մասին հիմա հնչեցվում եւ «արդյոք ռուսական իշխանություններն արդեն այլ հարցեր են բարձրացնում»:

Այլ խոսքով, ինչ-որ մեկն ակտիվորեն պտտում է թափանիվը, որի տակ կարող են հայտնվել բոլորը: Բայց հետեւանքները կարող են ծրագրվածի պես չլինել:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին, ասել է, որ հարաբերություններում կան խնդիրներ, որոնք քննարկվում են: Եթե հարցեր չլինեն, նշանակում է, որ խորքային խնդիրներ կան, ասել է նախարարը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •