Ի՞նչն է առաջացրել այդ նշանակման անհրաժեշտությունը

- in Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին ԱԱԾ պետի տեղակալ է նշանակել Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Արգիշտի Քյարամյանին, որին մայիսի 4-ին նշանակել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Նշանակումը դե յուրե իրականացվում է Հայաստանի նախագահի հրամանագրով, սակայն դա կատարվում է վարչապետի առաջարկությամբ: Ինչպես պարզվեց, այդ նշանակումը ԱԱԾ-ում բարձր նշանակման համար ընթացակարգային պահանջները ապահովելու համար էր: Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարին տեղափոխում ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնին:

Դատելով գործընթացի դինամիկայից՝ երբ մայիսի 4-ին եղել է նշանակում ՔԿ-ում, մեկ օրից էլ պակաս ժամանակ անց նշանակում ԱԱԾ-ում, վարչապետը, այսպես ասած, շտապել է, կամ, այսպես ասած, հնարավոր է եզրակացնել, որ կայացված որոշումը թելադրված է օպերատիվ տրամաբանությամբ: Արդյոք դա՞ էլ իր հերթին թելադրված է ներքաղաքական վերջին օրերի թեժ և բուռն մթնոլորտով: Ընդ որում, այստեղ հատկապես դիտարժան է այն, որ ներքին բուռն վիճակը, մեծ հաշվով, կոնֆլիկտ է խոշոր կապիտալի հետ: Արդյոք Պետական վերահսկողական ծառայության պետի նախկին պաշտոնակատարի նշանակումը ԱԱԾ-ում ենթադրելո՞ւ է այդ ուղղությամբ գործողություններ:

Համենայնդեպս, նշանակումը հետաքրքիր է ոչ միայն իր արագության, այլ նաև բնույթի առումով:

Բանն այն է, որ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնի նշանակվում է ոչ միայն շատ երիտասարդ անձ, այլ նաև անձ, որը, այսպես ասած, դուրս է այդ համակարգից: Ի դեպ, այստեղ հետաքրքիր զուգահեռ կա ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի նշանակման հանգամանքի հետ, որին ևս Սերժ Սարգսյանը փաստորեն բավականին երիտասարդ տարիքում և փաստորեն «արտաքին» միջավայրից նշանակեց առանձնահատուկ և համակարգային առումով շատ զգայուն կառույցի պետի պաշտոնում՝ 2016 թվականի փետրվարին: Այս անգամ, իհարկե, նշանակումը պետի պաշտոնին չէ, բայց խոսքը պետի տեղակալի մասին է:
Ինչպե՞ս է ընդունելու համակարգը երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյային, և ինչպես է այդ պաշտոնյան աշխատելու համակարգի հետ, համակարգում: Դժվար է պատկերացնել, որ վարչապետ Փաշինյանը հաշվի չի առել այդ ակնառու հարցերը, ըստ այդմ պետք է ենթադրել, որ այդ առնչությամբ ձեռնարկվել կամ ձեռնարկվելու են հնարավոր ռիսկերը չեզոքացնող քայլեր: Ինչպիսի՞ն են լինելու դրանք, և կարևորը՝ հաշվի առնելով դրանք, ի՞նչն է առաջացրել այդ նշանակման անհրաժեշտությունը: Որովհետև պետք է ենթադրել, որ այդ ակնառու ռիսկային գործոնների պարագայում կատարված նշանակումը հուշում է, որ խոսքը Փաշինյանի համար նշանակալի քայլի մասին է:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments