Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի առումով գործերը լավ չեն՝ ունենք նոր տվյալ, ևս 335 վարակված: Կա ևս երեք մահ, և մահերի ընդհանուր թիվը 70 է: Նա հայտարարել է, որ իրավիճակը լուրջ է, և պետք է լրջորեն մոտենալ կարանտինի պայմաններին: Իրավիճակը լուրջ է և միաժամանակ բավականին հակասական:

Բանն այն է, որ Հայաստանում տնտեսական սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ գործնականում անկասկած էր, որ լինելու է վարակակիրների աճ: Որքան էլ քաղաքացիները խստագույնս հետևեն կանոններին, այդուհանդերձ անկասկած է, որ ցանկացած հանրության շրջանում լինելու է որոշակի շերտ, որը չի պահպանելու անվտանգության կանոնները և այդպիսով ստեղծելու է վարակի տարածման վտանգ: Ավելին, դեռևս ամիսներ առաջ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել, որ վարակը գործնականում բաց է թողնված, կամ այլ կերպ ասած՝ թելը կառավարության ձեռքից դուրս է պրծել, և այլևս չեն կառավարվում վարակի օջախները: Եվ դա ևս ենթադրում էր, որ լինելու է վարակի թվի աճ, ու դրան գումարելով սահմանափակումների վերացումը՝ աճը լինելու է ավելին:

Եվ ուրեմն առաջանում է երկու հարց՝ ո՞վ է պատասխանատու այդ վիճակի համար, որ վարակը դուրս է եկել վերահսկողությունից, և ինչպիսի՞ն է դրանից հետո կառավարության նախապատրաստական քայլերի շրջանակը՝ վարակակիրների ավելի մեծ թիվ ունենալու համար: Ո՞վ է պատասխանատու վարակի ներկայիս վիճակի համար. դա մի հարց է, որը կարևոր է, սակայն որին պետք է անդրադառնալ միայն համաճարակի հաղթահարումից, կորի ակնհայտ նվազումից հետո: Քանի դեռ նկատելի է վերելքը, առավել կարևոր է հարցը, թե ինչ պետք է անել «իտալական սցենար» չունենալու համար: Անշուշտ, պետք է անընդհատ զգոնության, ուշադրության կոչ անել քաղաքացիներին և, իհարկե, առավելագույնս պարտադրել անվտանգության կանոններ՝ պարտադրանքից շեղումը ենթարկելով խիստ պատասխանատվության:

Նոր համընդհանուր կարանտին հայտարարելը կլինի տնտեսությանը հասցվող շատ ավելի մեծ հարված, քան առաջին երկամսյա կարանտինը, առավել ևս նկատի ունենալով հանգամանքը, որ այժմ արդեն դա չի լինի համաշխարհային տնտեսությանը ներդաշնակ: Ըստ այդմ, պետք է կարողանալ կառավարել վիճակը առանց տնտեսական սահմանափակումների: Եվ եթե հարկ կա, ապա դրա համար պետք է դիմել ներքին և անգամ արտաքին ռեսուրսների հավելյալ ներգրավման: Խոսքը ոչ միայն ֆինանսատնտեսական ռեսուրսի մասին է, այլև մարդկային-մասնագիտական՝ օգնության դիմելով անգամ այլ երկրների, որոնք ունեն իրավիճակի կառավարման հաջող փորձ:

Միևնույն ժամանակ, պետք է մեծ թափով ընդլայնել առողջապահական ռեզերվը, նաև դեղորայքային ռեզերվը: Նկատելի է, որ Հայաստանում բավականին ցածր է առողջացողների վիճակագրությունը: Գլխավորը՝ ոչ մի դեպքում չպետք է փորձել քաղաքացիներին, այսպես ասած, անվտանգության դաշտում պահել խուճապի կամա թե ակամա հրահրմամբ:

Եվ ի վերջո՝ եթե տապալվել է կորոնավիրուսի վարակը լոկալացնելու և չեզոքացնելու քաղաքականությունը, ավելի ուշ պետք է պարզել, թե ինչու և ում պատասխանատվությամբ, այժմ պետք է կառավարել բնական իմունիզացիայի քաղաքականությունը՝ քաղելով դասեր նախորդ մեթոդի տապալումից:

Գլխավորը սակայն՝ հանցավոր կլինի որևէ բանի պատասխանատվությունը հանրության վրա թողնելը: Հայաստանյան հանրությունը սկզբունքորեն լավ կամ վատ չէ որևէ հանրությունից, ըստ այդմ՝ պատասխանատվությունը սեփական հանրության հետ աշխատելու կառավարության դաշտում է: