Ի՞նչ սկզբունքով են ընտրվում Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացնողները

- in Պնակալեզներ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորագրերի հանգամանքը, որ պարբերաբար ներկայացնում են նախկին իշխող համակարգի տարբեր տարիների բարձրաստիճան կամ ընդգծված այլ կարգավիճակ ունեցած  գործիչները, վառ  կերպով ընդգծում են այն բարդությունները, որ կան այդ համակարգի ներսում առերևույթ թվացող միատարության և կուռ գործողությունների համատեքստում:

Ներկայումս դատարանն ինչպես հայտնի է քննում է ՀՀ և Արցախի նախկին չորս վարչապետների երաշխավորությունը՝ Կարեն Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան և Անուշավան Դանիելյան:

Նախորդ տարի մայիսին դատարանը քննում էր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը, և ինչպես հայտնի է, դրա հիման վրա ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, դառնալով իհարկե բավականին բուռն ներքաղաքական զարգացումների կատալիզատոր, ինչը սակայն ի վերջո չապահովագրեց երկրորդ նախագահին վերստին կալանատանը հայտնվելուց: Կարո՞ղ է արդյոք որևէ կատալիզատորի դեր տանել նախկին վարչապետների երաշխավորության պատմությունը:
Մյուս կողմից նկատելի է, որ այն արդեն իսկ տեղի է ունենում բավականին բուռն միջավայրում, և ըստ ամենայնի հենց այդ միջավայրը կարող է իր ազդեցությունն ունենալ երաշխավորության վրա, քան հակառակը:
Մեծ հաշվով սակայն, գործընթացը ներքին, այսինքն նախկին իշխող համակարգի միջավայրի խնդիր է: Եվ այստեղ ամեն ինչ առավել քան հստակ է: Այդ միջավայրի քաղաքական ֆիգուրներից ազատազրկված է միայն Ռոբերտ Քոչարյանը և այդ հանգամանքը անկասկած նրան տալիս է համակարգի մյուս դերակատարների առաջ հարցեր դնելու, անգամ պահանջներ դնելու փաստարկ, հաշվի առնելով այն քրեա-օլիգարխիկ հարաբերության բնույթը, որ գերիշխել է այդ համակարգում: Այդտեղ է, որ հարց է դառնում, թե ինչ սկզբունքով են ընտրվում Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացնողները: Դա զուտ անձնական-մարդասիրական-ընկերակա՞ն սկզբունքն է, թե՞ զուտ շահադիտական, այսինքն ովքեր շահերով ներկայումս շարունակում են անմիջականորեն կապված մնալ Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ մյուս կողմից իրենց անվտանգության որոշակի ատրիբուտներով են կախված թեկուզ կալանատանը գտնվող երկրորդ նախագահից: Այդ հանգամանքները կարող են տալ նախկին իշխող համակարգի ներսում իրավիճակի, և ըստ այդմ դրանով պայմանավորված ներքին ու արտաքին քաղաքական տիրույթում զարգացումների որոշակիորեն սպառիչ բացատրություն: Ի վերջո, եթե անգամ բանը զուտ մարդասիրական նախաձեռնությունն է, ապա դարձյալ հարց է առաջանում, թե ինչու՞ այդ նախաձեռնության մղում կա հազվադեպ գործիչների մոտ և այն ընդգրկուն չէ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments