Ի՞նչ քննարկումներ են սկսում պաշտոնական Երևանի և Վենետիկի հանձնաժողովի միջև

- in Ով ով է ...

Հայաստանում արտակարգ դրությունը շարունակելու որոշումը նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներ գնահատում են իշխանության համար Սահմանադրական դատարանի հանրաքվեից խուսափելու հնարավորություն:

Այդ մասին գրվում է այդ շրջանակները սպասարկող լրատվամիջոցներում, այդ մասին հնչում է տարբեր գործիչների շուրթերից կամ գրառումներից: Բացատրությունն այն է, որ իշխանությունը չի կարող այլևս հավաքել «Այո»-ի համար անհրաժեշտ 650 հազար ձայն և, ըստ այդմ, ունի հանրաքվեից խուսանավելու կարիք, որն էլ անում է արտակարգ դրությունը երկարաձգելու միջոցով: Այդ պնդումը կարող էր շատ, թե քիչ հիմնավոր թվալ, եթե ակնառու չլիներ, որ կորոնավիրուսի վարակի պայմաններում կա արտակարգ դրության անհրաժեշտություն: Ավելին, այդպես վարվում են ոչ միայն Հայաստանում:

Այսօր գրեթե բոլոր երկրները՝ ռեգիոնում, Ռուսաստանը, Եվրոպայի երկրները, Միացյալ Նահանգները թուլացնում են տնտեսական սահմանափակումները, սակայն պահպանում են արտակարգ դրության ռեժիմը: Բացատրությունը շատ պարզ է՝ վարակի հարցում համաշխարհային անորոշությունը պահպանվում է, միաժամանակ շարունակվում է կորոնավիրուսի քողի տակ թեժ աշխարհաքաղաքական պայքարը ուժային կենտրոնների միջև, նոր դիրքերի համար, ազդեցության գոտիների համար, և այդ պայմաններում պետությունների համար արտակարգ դրության ռեժիմը տալիս է արագ գործելու հնարավորություն, ընդ որում՝ ոչ միայն վարակի, այլ գուցե հենց նաև միջազգային իրադրության առումով: Հետևաբար՝ ակնառու է, որ Հայաստանում արտակարգ դրության անհրաժեշտությունը կա: Անգամ հարևան Վրաստանը, որ ունի վարակի պաշտոնական շատ ավելի փոքր վիճակագրություն, շարունակում է արտակարգ դրությունն ու սահմանափակումների ռեժիմը: Այդ դեպքում ի՞նչ հարց է լուծվում, հանրաքվեի հանգամանքը խաղարկելով, զուտ քարոզչական խնդիրներից բացի: Արդյո՞ք փորձ է արվում կառավարող մեծամասնությանը մղել ինչ-որ քայլերի, այդ թվում՝ հանրաքվեի:

Բավականին բարդ է ասել, սակայն հատկանշական է, որ շրջանակներ, որոնք մինչ այդ պահանջում էին չանել հանրաքվե, դադարեցնել, հայտարարել արտակարգ դրություն, այժմ փաստորեն անում են հակառակ տրամաբանություն պարունակող հայտարարություններ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ նախկին համակարգը տեսնում է իրադարձություների զարգացման այլ հնարավորություն, որ կարող է առաջանալ ՍԴ հարցում հանգուցալուծման առումով: Համենայնդեպս, այդ շեշտադրումները հետաքրքրական են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահին հղած նամակի և ՍԴ հարցի հանգուցալուծման վերաբերյալ հարցերի ֆոնին, կամ հակառակը՝ այդ նամակն ու հարցերն են հետաքրքիր դառնում նախկին համակարգից եկող «թեզերի» ֆոնին: Համենայնդեպս, իրավիճակն իսկապես հետաքրքիր է: Ի՞նչ քննարկումներ են սկսում պաշտոնական Երևանի և Վենետիկի հանձնաժողովի միջև:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments