Erdoghan Putin

Թուրքական լրատվամիջոցները գրում են Ռուսաստանում հեղաշրջման մասին, որը հավանաբար տեղի կունենա ամռան վերջին: Որպես փաստարկ թուրք վերլուծաբանները բերում են Մոսկվայում ուժայինների դիրքերի ուժեղացումը, Պուտինի վարկանիշի անկումը կորոնավիրուսի, սահմանադրական հանրաքվեի ու Հաղթանակի շքերթի ձախողման պատճառով:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Լիբիայում թուրքական զորքը կոտրում է Ռուսաստանի մասին ռազմական առասպելը: Փորձագետները հաշվել են, որ Լիբիայում ոչնչացվել է ռուսական 9 միավոր Պանցիր-1 համալիր:

Ինչու՞ է Անկարան խոսում Մոսկվայում մոտալուտ հեղաշրջման մասին: Դա պայմանավորվա՞ծ է Թուրքիայում իրավիճակում, որտեղ հեղաշրջումը սովորական երեւույթ է: Մոսկվայում մոտալուտ հեղաշրջման մասին տեղեկությունը Էրդողանի «շնորհակալությու՞նն է» 2016 թվականի հուլիսին Պուտինի օգնության համար, երբ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ արվեց:

Այն ժամանակ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լարված էին 2015 թվականի նոյեմբերին խփված ռուսական ինքնաթիռի պատճառով: Բայց Պուտինն ու Էրդողանը չէին կարող առանց միմյանց եւ հաշտվելու առիթ գտան:

Հիմա փոխվե՞լ է իրավիճակը: Այն, որ Պուտինին անհանգստացրել է կորոնավիրուսային իրավիճակը Դաղստանում, որի համար զանգել է Ալիեւին, վկայում է, որ Դաղստանը դիտարկվում է Ռուսաստանի դեմ հնարավոր պլացդարմ: Ո՞վ կարող է Թուրքիայից ավելի լավ օգտագործել այդ պլացդարմը:

Առավել եւս, որ Անկարան նոր աշխարհքաղաքականություն է հռչակել՝ ռեոգիոնալացում, եւ հիմա սկսվել է աշխարհը «ռեգիոնների» բաժանելու ակտիվ գործընթաց: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հետհամաճարակային շրջանում Թուրքիան լինելու է առանցքային երկրներից մեկն ինչպես գլոբալացման, այնպես էլ ռեգիոնալացման առումով:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն էլ նշել է Թուրքիայի թշնամիներին՝ «մենք տեղ չենք թողնի ՖԵՏՕ-ի, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, հայկական ու հունական լոբբիի, Պարսից ծոցի երկրներում տեղակայված թշնամական կենտրոնների, նրանց համար, որոնք քանդում են մեր տնտեսությունն օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների միջոցով»:

Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տա, որ «սրից փրկվածները» փորձեն գործունեություն ծավալել Թուրքիայում:

Ի՞նչ է Թուրքիան ծրագրում Ռուսաստանում: ԱՄՆ-ն աջակցել է Լիբիայում Թուրքիայի գործողություններին, կաջակցի՞ Ռուսաստանում Թուրքիայի քաղաքականությանը: Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Հաքին Իդլիբում 30 թուրք զինվորականների մահանալուց հետո խոստացել է վրեժ լուծել: Վրեժի տարբերակներից մեկը նշվել էր «ներսից Ռուսաստանի մասնատումը»:

Նա ասել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմել են 16 անգամ եւ նորից կանեն: Նա հիշեցրել է, որ ՌԴ-ում 25 միլիոն մուսուլման է ապրում: «Մեր վրեժը սարսափելի է լինելու», – զգուշացրել է նա:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •