Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի բաց թողած և հետագայում Իլհամ Ալիևի կողմից ընդունած քարոզչական փոխանցումը Գարեգին Նժդեհի վերաբերյալ ոչ միայն չի մարում, այլ գնալով ավելի է թափ առնում:

Ընդ որում ակնհայտ է, որ թեման`Իլհամ Ալիևի շուրթերով թարմացնում ու խաղարկում է Մոսկվան: Իսկ Երևանն էլ, ինչպես ասում են, այդ «կուտն ուտում է», և բառացիորեն կաշվից դուրս է գալիս, որ ապացուցի երեք բան. ա/ որ Խորհրդային Հայաստանը չափազանց հավատարիմ է եղել Խորհրդային Միությանը,  բ/ Խորհրդային Հայաստանը շատ ավելի հավատարիմ է եղել Խորհրդային Միությանը, քան Խորհրդային Ադրբեջանը, և գ/ ադրբեջանցիները ավելի շատ են համագործակցել հիտլերյան ռեժիմի հետ, քան հայերը:

Իրոք, որն է իմաստը մտնել այդ բացահայտ կեխտոտ զուտ քարոզչական բնույթի բանավեճի մեջ և փորձեր անել ապացուցել բարձրագույն իրավարար ատյանին` հյուսիսային Տիզբոնին բաներ, որոնք ինքը ի վերուստ ծրագրավորված չի ցանկանում հավատալ, այլ, առհասարակ, լսել: Քանզի, կրկնում ենք, այդ ամենը ոչ մի առնչություն չունի պատմական իրականության հետ, այլ գտնվում է զուտ քաղաքական սպեկուլյացիաների նպատակային անմաքուր քարոզչության ոլորտում:

Հայ ժողովրդի այն հատվածը, որն հանդիսացել է Խորհրդային Միության քաղաքացիներ, իր պարտքը այդ պետության հանդեպ կատարել ու գերակատարել է բազմապատիկ: Դրա վերաբերյալ կարծիք ու եզրակացություն պետք է կազմել ոչ թե զախարովաների և իլհամալիևների ասածներով, այլ պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա: Որոնք այստեղ ներկայացնելն իմաստ չենք տեսնում. դրանք հանրահայտ են: Եվ վերջ. մենք ներկայացնում ենք մեր ներդրումը և տերն ենք այդ ներդրման: Թեև, այսօր իմաստ ունի քննարկել, թե արդյոք արդարացված էին այդքան զոհերը և ինչ ստացավ  իր հնարավորության շրջանակներում այդ գերմարդկային կորուստների դիմաց հայ ազգը: Բավականին կոմպետենտ անձանց փոխանցմամբ, օրինակ, երբ Հունգարիայում հակախորհրդային խռովությունը ճնշելուց հետո Համազասպ Բաբաջանյանին մտերիմ շրջանակում դրվատանքի խոսքեր են ասել գործողության հաջող ավարտի կապակցությամբ, ապա նա խիստ զայրացած հակադարձել է, թե հայ զորականին օգտագործեցին Հայրենական պատերազմում, իմա` Երկրորդ աշխարհամարտում, հիմա էլ` Հունգարիան ճնշելու, բայց հնարավորություն չտվին, որպեսզի այդ հայ զորականը կռվեր ու հասներ իր պատմական հայրենիքի ազատագրմանը: Ասում են, որ դա իրոք եղել է…

Իսկ թե մյուս ազգերը որքանով են նպաստել, կամ էլ խոչըդոտել Խորհրդային պետության հախտանակին, դա իրենց գործն է և իրենք են այդ ամենի տերը, և դրանցից որևիցե մեկի հետ համեմատվելու և առավել հավատարիմ երևալու կարիք և խնդիր մենք չունենք: Իսկ այն հայ գործիչները, որոնք չեն հանդիսացել Խորհրդային միության քաղաքացիներ և այս կամ այն ձևով համագործակցել են նացիստական ռեժիմի հետ, նախ ոչ մի առնչություն չեն ունեցել և չունեն Հորհրդային Հայաստանի հետ, իսկ երկրորդը, այդ համագործակցության շրջանակներում նրանց առաջնային խնդիրը եղել է  գերմանական գերության մեջ հայտնված հայ ազգի ներկայացուցիչների կյանքի փրկության համար ուղիներ փնտրելը: Եվ դա միանգամայն բնական է ու մարդկային, քան պահանջել, որ հայ ռազմագերիները բոլորն անխտիր պետք է զոհվեին` Ինտերնացիոնալ երգելով, կամ էլ Ստալինի անումը շուրթերին: Իսկ այդ գործունեությունը, թեկուզև ազգային լեգեոն ստեղծելու փաստերը ներկայացնել Խորհուրդների երկրին իրական վնաս բերող, արդեն անլուրջ է և նույնիսկ ծիծաղելի: Ավելի մեծաքանակ և իրոք լուրջ վտանգների մասին իրական տեղեկությունները նույնպես հանրահայտ են:

Եվ կրկին գանք Նժդեհի կերպարին: Ասում ենք, պնդում ենք և անելու ենք դա մշտապես. Գարեգին Տեր Հարությունյանը` Նժդեհը ողջ հայության համար ազգային հերոս է: Քանզի, իր րազմական, մտավոր և ինտելեկտուալ կարողությունների շնորհիվ կարողացավ ջախջախիչ պարտության մատնել, Խորհրդային Ադրբեջանի, բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական զինված ուժերին և կասեցնել, որպեսզի Զանգեզուրը նույնպես չհայտնվի Նախիջևանի և Ղարաբաղի վիճակում: Հայությունը պարտական է Նժդեհին, որ Զանգեզուրը մնաց հայկական: Եվ դրա համար էլ հայ ազգա պաշտում է ու պաշտելու է նրան որպես ազգային հերոս: Իսկ թե ում դուր է գալիս, ում դուր չի գալիս, դա մեզ չպետք է հուզի: Իսկ ինչ վերաբերում է Նժդեհի գործունեությանը Երկրորդ աշխարհամարտի օրերին, ապա այն միայն գոհունակության է արժանի, քանզի այդ անձի բոլոր քայլերը թելադրված ու միտված են եղել միայն իր ազգի ծահերից: Մեզ, հայերիս համար, դա է գնահատելին, իսկ թե ում դուր չի գալիս, դա այլ հարց է: Բա ինչ էին ուզում, անկախ հայկական պետությունը կործանեին, մաս-մաս կիսեին, թուրքերի հետ միասին կազմակերպեին հայերի սպանդ և հայրենազուրկ ու վտարանդի հայ գործիչները արտերկրում կարմիր դրոշ պարզեին:

Այնպես որ այսօր, եթե հանկարծ մենք թույլ տանք, որ Նժդեհի արձանից մի փշուր անգամ շարժվի ու պոկվի, ուրեմն մեր հետագա գոյությունը, որպես ազգ, այլևս արդարացված չէ: Մեր պետական ինքնիշխանության առաջնագիծը, որոշ առումներով, այսօր անցնում է նաև Նժդեհի արձանի պատվանդանով, և կրկին հենց ինքն է կանգնած որպես դիրքապահ:

Հ.Գ. Ի դեպ, Խորհրդային Միության այն սիրահարներին, որոնք Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում շահարկում են, թե իբր նա ԽՍՀՄ դեմ անձ է եղել: Երևանի կենտրոնում տեղադրված է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կիսանդրին: Եվ շատ ճիշտ է և շատ լավ է, որ տեղադրված է: Բայց… համաձայն այսօրվա ռուսաստանյան առավել հայտնի և Կրեմլին շատ մոտ կանգնած «դերժավնիկ» Ա.Դուգինի գնահատման, Անդրեյ Սախարովը եղել է Խորհրդային Միության ոխերիմ թշնամի և ամեն կերպ նպաստել է խորհրդա-ամերիկյան կոնֆրոնտացիոն գործընթացների ծավալմանը: Այսինքն` Խորհրդային Միության փլուզմանը:

Ոնց է, որ Մոսկվան որևիցե ձևով չի ակնարկում այդ մասին, թե Երևանի կենտրոնում բերել տեղադրել եք ԽՍՀՄ փլուզման նպաստողներից մեկի արձանը: Ադրբեջանն էլ կարող է միանալ այդ բողոքին, քանզի, որքան հիշում ենք, Ադրբեջանի հանդեպ նույնպես, Սախարովը այնքան էլ ջերմ չի արտահայտվել:

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Spread the love