Ինչու է երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար. Ես քաղաքականությունով չեմ զբաղվելու

- in Ով ով է ...
karen-karapetyan

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն ներկայացրել:

«Ես կարծում եմ՝ միջնորդության մեջ ֆիքսել եմ դա և ինձ թվում է՝ տրամաբանությունը շատ պարզ է: Հետևյալն է՝ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որպեսզի Մարտի մեկի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի և համապատասխան նստավածք չթողնի: Երկրորդ, ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի հանրապետության և ՀՀ անկախության և անվտանգության գործընթացում: Երրորդ, երկու տարի է համարյա՝ այս դատական պորցեսը տևում է, և հավանական է, որ շատ երկար ժամանակ կարող է տևել: Այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»,- ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ այս պրոցեսը բավական գրգռված ու քաղաքականացված է: «Թե ինչպես կգնահատեն իմ քայը, ես հիմնավորել եմ: Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, չէ՞: Որևիցե մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին: Մենք ընդամենն ասում ենք՝ հաշվի առնելով այս հանգամանքները, որը ասել ենք, պրոցեսը կատարեք մեկ այլ կերպ, խափանման միջոցը փոխեք»,- նշեց Կարապետյանը:

«Ոչ, ես քաղաքականությունով չեմ զբաղվելու»,- Ազգային ժողովում լրագորղներին ասաց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ինչու 2018 թվականին գնաց քրեակատարողական հիմնարկ և ազատեց Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց. «Ես չեմ գնացել ազատել, ես գնացել հանդիպել եմ, միջորդել եմ դատախազին: Ինչո՞ւ եմ արել, որպեսզի այն իրավիճակից, որում մենք գտնվում  էինք, դուրս գայինք տրամաբանորեն»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ իրեն խաբված զգո՞ւմ է քաղաքականության մեջ: «Ոչ, ես ինձ խաբված չեմ զգում»,- արձագանքեց Կարապետյանը:

Կարեն Կարապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ինքն ունե՞ր ծրագիր՝ մնալու իշխանության ղեկին, այդ հարցե՞րն էր բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ:

«Նիկոլ Փաշինյանի հետ մեր բանակցությունները մեր ներքին գործն են»,- արձագանքեց Կարապետյանը:

Նա անդրադարձավ տնտեսական իրավիճակին, ասաց. «Նախ և առաջ կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետև իրականում պրոբլեմը լուրջ է: Բայց ես կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ»:

Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին: Նա ասաց, որ հանձնաժողովի անդամների բոլոր հարցերին պատասխանել է, բայց քանի որ հանձնաժողովում իրեն տեղեկացրել են, որ ինֆորմացիան փակ է և պետական գաղտնիք պարունակող, չի կարող հայտնել լրագրողներին:

Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 22-ին Կարապետյանը մեկուսարանում այցելել էր ձերբակալված Նիկոլ Փաշինյանին: Հետագայում Հանրային հեռուստաընկերության պատրաստած ֆիլմում Փաշինյանն այդ մասին ասել է. «Կարեն Կարապետյանը առաջարկում էր, որ ինքը ինձ հետ գա Հանրապետության հրապարակ։ Այսինքն՝ գա հրապարակ եւ ինձ հետ բարձրանա հարթակ։ Ես ասում էի՝ բայց ո՞նց տենց, ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք՝ էդ սցենարը գնաց, դու ո՞նց ես պատկերացնում՝ մարդիկ ի՞նչ կմտածեն հետո։ Մարդիկ կասեին, որ էս ամբողջ պատմությունը նրա համար էր, որ Սերժ Սարգսյանին․․․ այսինքն՝ ներիշխանական ինտրիգ էր, որ Սերժ Սարգսյանին փոխարինեն Կարեն Կարապետյանով»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments