Ինչու Հայաստանի ընդդիմությունը մասնակցեց Լավրով – Մամեդյարով խաղին

- in Կեղտոտ լվացք
eshelon ishxanutyun

Արցախի խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը բուռն արձագանք ստացավ Երեւանում:

Լավրովը Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսից մի քանի ժամ առաջ հայտարարեց, թե բանակցության սեղանին են համաձայնեցված փաստաթղթեր, որոնք ենթադրում են առաջնթաց փուլային տարբերակի հիման վրա:

Սովորաբար, երբ Մինսկի խմբի որեւէ համանախագահ որեւէ «արտահոսք» է հրապարակում, առաջանում են հարցեր՝ ո՞րն է պատճառը, նպատակը եւ ում է այն ուղղված: Առավել եւս այն պայմաններում, երբ կողմերի դիրքորոշումներն ու մոտեցումներն իրարամերժ են, եւ իրական առաջընթաց չկա:

Այս հարցերը Երեւանում քննարկվեցին շատ քիչ, փոխարենը հայկական ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ նախկին իշխանությանն ասոցացվող տարբեր խմբերը սկսեցին պատասխան պահանջել ԱԳ նախարարից ու վարչապետից: Ընդ որում, այդ պատասխանը պահանջում էին Լավրովի ճշմարտացի լինելու դիրքերից: Դա նոր երեւույթ չէ Հայաստանի այսպես կոչված քաղաքական դասի պրակտիկայում, նման բան աշխարհի որեւէ երկրում անհնար է պատկերացնել:

Բաքվում Լավրովի հայտարարությունը բավական հետաքրքիր արձագանք ունեցավ: Մի կողմից, դա կարծես թե ցույց էր տալիս Բաքվի դիվանագիտական հաջողությունը, մյուս կողմից նման «արտահոսքը» առաջացրեց այն հարցերը, որոնց շուրջ հայկական շրջանակները նույնիսկ չփորձեցին խորհել: Քննադատություններ հնչեցին Մամեդյարովի հասցեին, ինքը Մամեդյարովը մի քանի օր անց հաստատեց Լավրովի պնդումները: Հաշվարկը պարզ էր՝ Լավրովը «կստիպի» հայկական կողմին բացել խաղաքարտերը, դրանից բխող հետեւանքներով:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կոշտ պատասխանեց Լավրովին, հայտարարելով, որ Հայաստանը նման տարբերակ չի բանակցում եւ դեմ է դրան: Իսկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ եթե բոլորը երջանիկ լինեին Հայաստանի դիրքորոշումից, հարցը վաղուց լուծված կլիներ:

Խորհրդարանում նույն հարցը տրվեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ուղիղ պատասխան չտվեց: Խաղի էությունը պարզ էր, եւ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր, որ այն ուղղված է հայկական կողմի եւ անձամբ իր բանակցային դիրքերը թուլացնելուն: Փոխարենը, Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ իշխանությունը որդեգրել է հետեւյալ քաղաքականությունը՝ կողմ է ոչ թե հարվածներից պատսպարվելուն՝ «միայն թե մեզ չծեծեք», այլ հարվածներ ընդունելուն եւ հակահարվածներ տալուն:

Լավրովի հայտարարությանը արձագանքեց Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչը, ասելով, որ Լավրովը ոչ օգտակար հայտարարություններ է անում: Պետդեպի ներկայացուցիչը փաստացի ակնարկում էր, որ Ռուսաստանը չպետք է հավակնի սեպարատ գործողությունների:

Ակնհայտ էր, որ Լավրովը փորձում է լուծել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված որոշակի խնդիրներ: Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիան երկարատեւ ընդմիջումից հետո այնուամենայնիվ տվել է ռուսական C 400 համալիրների շահագործման մեկնարկը: Իսկ Ադրբեջանում ԱԳ նախարարի պաշտոնին է մնում Լավրովի մտերիմ ընկերը՝ Մամեդյարովը, որի դիրքերը վերջին շրջանում խիստ թուլացել էին:

Իր հերթին, Բաքվում չեն կորցնում հույսը, որ Ռուսաստանի միջոցով կարող են լուծել Արցախի խնդիրը, եւ որ Մոսկվան կշարունակի հայերի հաշվին իր խնդիրների լուծման դարավոր ավանդույթը: Հայաստանի դեմ խաղի մյուս ուղղությունը հենց Հայաստանի իշխանությանը Ռուսաստանին հակադրելն է, օգտագործելով քարոզչական բազմաթիվ ուղղություններ, այդ թվում Երկրորդ աշխարհամարտի թեման: Ընդ որում, դա արվում է ոչ միայն Մոսկվայի ու Բաքվի մամուլով, այլեւ հայաստանյան այսպես կոչված ընդդիմադիր շրջանակների ու ԶԼՄ-ների գերակշիռ մեծամասնության միջոցով:

Ինչո՞ւ են հայկական այս շրջանակներն ու ԶԼՄ-ները մասնակցում այդ խաղին: Չէ՞ որ հասկանալի է, որ այդ խաղն առավել հեշտանում ու լեգիտիմանում է հենց այն դեպքում, երբ ներսում լինում է նման պատրաստակամ հոծ զանգված: Հարցն իհարկե հռետորական է եւ պատասխանը շատերի համար է պարզ: Այս շրջանակներն, օրինակ, խնամքով շրջանցում են 1921 թ. ռուս թուրքական պայմանագրերի եւ Նախիջեւանի թեման, ինչը հզոր կռվան կլիներ Արցախի հարցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments