Սյունիքի մարզում՝ Կապանում, Քաջարանում, մայիսի 24-ի իրադարձությունները հերթական անգամ ընդգծեցին Հայաստանի հետհեղափոխական շրջանի խորքային խնդիրներից մեկը՝ տնտեսական ստատուս-քվոյի, կապիտալի բաշխվածության և դրա ներքաղաքական ազդեցության խնդիրը:

Այդ հանգամանքը, այդ հարաբերակցությունն էական նշանակության հանգամանք է որևէ երկրի ներքաղաքական կյանքում, և Հայաստանն այստեղ չի կարող լինել բացառություն: Այն երկրներում, որտեղ կա այդ առումով բևեռացվածություն, խնդիրը սրվում է և սկսում դրսևորվել ներքաղաքական հարթության տարբեր հատվածներում, տարբեր դրվագներով: Եթե մի պահ վերանանք անձերից՝ կապիտալի կրողներից, նրանց նպատակներից, նպատակների մաքրության աստիճանից կամ գույնից, երանգներից, խորքում շատ պարզ մի հանգամանք է՝ խոշոր կապիտալը չի կարող լինել միայն տնտեսական գործոն, հետևաբար՝ չի կարող սահմանափակվել լոկ տնտեսական հետաքրքրությունների շրջանակով:

Այստեղ արդեն առաջին պլան է գալիս այն, թե տվյալ երկրում ինչպես է կարգավորվում քաղաքականության ու բիզնեսի հարաբերությունը ինստիտուցիոնալ մեխանիզմներով: Եվ քանի որ Հայաստանում այդպիսին գործնականում չկա, իրավիճակն անընդհատ զարգանում է կոնֆլիկտային տրամաբանությամբ: Ի դեպ, նույնն էր նաև հեղափոխությունից առաջ, պարզապես այլ էր այն ժամանակ կառավարող համակարգի, այսպես ասած, քաղաքական իշխանության տրամաբանությունը, հետևաբար՝ կոնֆլիկտն էլ դրսևորվում էր այլ, այսպես ասած՝ փակ ռեժիմով: Այժմ ռեժիմը բաց է, թեև խնդրի էությունը խորքային առումով փոխված չէ: Որն է այստեղ լուծումը: Տնտեսական հարաբերակցությունը, կապիտալի ստատուս-քվոն պետք է փոխվի, քանի որ խոշոր կապիտալը անընդհատ բնականորեն ձգտելու է իրավիճակի հանդեպ քաղաքական մեծ հսկողության: Պահել դա լոկ կառավարման, կարգավորման մեխանիզմով, բավականին բարդ է և անկայուն: Պետք է լինի տնտեսական բալանսավորված դաշտ: Դա նշանակում է կամ խոշոր ներդրումներ, կամ միջին, այսպես ասած, ներառական տնտեսության միջոցով որոշակի խավի ձևավորում, որը կբալանսավորի խոշոր կապիտալին:

Եվս մեկ տարբերակ է սեփականության վերաբաշխումը, ինչը, սակայն, կարճաժամկետ բավականին գայթակղիչ թվացող, սակայն խորքում բավականին վտանգավոր և անցանկալի տարբերակ է, քանի որ, իբրև կանոն, վերածվում է շրջանաձև պտույտի և բերում դարձ ի շրջանս յուր: Մյուս կողմից, նույն հետևանքը կարող է լինել նաև այն դեպքում, երբ պահպանվում է ներկայիս ստատուս-քվոն, քանի որ այդ դեպքում էլ հանրությունն ու պետությունը կարող են շրջանաձև պտտվել իշխանության փոխանցման կամ պահպանման խնդրի հարցում: Հեղափոխությունից հետո խորքային հարցն այդպես էլ չի դարձել ծանրակշիռ քննարկումների առարկա, մինչդեռ ավելի ու ավելի է զգացնել տալու իրեն:

Spread the love