Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վերջին շրջանում յուրօրինակ տակտիկա է ընտրել՝ մեղադրելով ներկայիս իշխանություններին թալանի, մաֆիոզ ճանապարհով հարստանալու, անօրինական բիզնեսներ ունենալու, միանգամից հարստանալու վաղեմի երազանք ունենալու և աշխարհի մի շարք այլ մեղքերի մեջ։ Այլ հարց է, թե դա իրականության հետ ինչ աղերս ունի։

Մի բան, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս իրավացիորեն արձանագրել էր, որ յուրաքանչյուրը մտածում է իր փչացվածության աստիճանով։

Այո, հավանաբար Մինասյանը պատկերացնում է, որ ինքը լիներ վարչապետի պաշտոնում, ինչեր կարող էր անել, էլ ինչքան կարող էր թալանել ժողովրդին։ Իսկ մինչ այդ, նա նույնը արել է, սակայն փեսայի կարգավիճակում։

Մամուլում, բաց աղբյուրներից կարելի է տեղեկանալ, որ Միքայել Մինասյանը, հանդիսանալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինը, տարիների ընթացքում հասցրել է կուտակել ահռելի չափերի հասնող հարստություններ, տիրապետել և տիրապետում է մեծ կարողությունների։ Նրա ֆինանսական հնարավորություններն ավելի ընդարձակվեցին 2008 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ։ Առ այսօր Մինասյանն ակտիվ ներգրավվածություն ունի ՀՀ մեդիա դաշտում։

Ընտանեկան «ավանդույթների» համաձայն Մինասյանի հարստությունը ևս ձևավորվել է այս կամ այն բիզնեսներից փայաբաժիններ խլելով, բազմաթիվ խոշոր գործարարներից միլիոնավոր դոլարների հասնող գումարներ հափշտակելով, որոնք արհեստականորեն ձևակերպվել են այս կամ այն նպատակներով կատարված փոխանցումների տեսքով, և ապօրինի այլ դրսևորումներով։

Նման դրսևորումների մի քանի օրինակներ են հայտնի դարձել։ Օրինակ, թե ինչպես է Մինասյանը դարձել «Սպայկա» ընկերության փայատեր։ Մեզ հասած տեղեկություններով դեռևս 2012 թվականին Մինասյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ստացել է մոտ 10 միլիարդ դրամի հասնող գումար,որով իրեն պատկանող օֆշորային ընկերությունների միջոցով Մ․ Մինասյանը ձեռք է բերել գյուղմթերքների արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերության մոտ 50 տոկոս բաժնեմասը և նրա մասնակցությամբ գործող ընկերությունը տարիներ շարունակ ակնհայտ մաքսանենգ եղանակներով ՀՀ տարածք է ներկրել տարբեր տեսակի ապրանքներ՝ պետությանը պատճառելով միլիարդավոր դրամի հասնող վնասներ։ Այսինքն, Մինասյանը, հանդիսանալով «Սպայկա» ընկերության մոտ 50 տոկոսի բաժնետեր, տարիներ շարունակ ստացել միլիոնավոր ԱՄՆ դոլարի հասնող (տարեկան մոտ 3-4 մլն ԱՄՆ դոլար) եկամուտ, որոնք ձևավորվել են մաքսանենգ եղանակով ապրանքների ներմուծումից՝ պետությանը պատճառելով միլիարդավոր դրամի վնասներ։ Հեղափոխությունից կարճ ժամանակ անց, վախենալով անօրինական եղանակներով ձեռք բերված սեփականությունը կորցնելուց, Մինասյանը մոտ 5 մլն․ ԱՄՆ դոլարով վաճառել է «Սպայկա» ընկերության իր բաժնեմասը։

Նույն տեղեկությունների համաձայն, օգտագործելով աներոջ քաղաքական հովանավորչությունը՝ տարիների ընթացքում Մինասյանը ընդլայնել է իր բիզնես կարողությունները, աստիճանաբար ձեռք բերելով տարբեր խոշոր ընկերությունների բաժնեմասեր, տիրանալով մի քանի հեռուստաընկերությունների («Արմենիա ԹՎ», «Արմնյուզ», «Շանթ» և այլն), որոնց նախկին սեփականատերերը ուղղակի հնարավորություն չեն ունեցել մերժելու իրենց բաժնեմասերը վաճառելու պահանջները։  Տարիներ շարունակ Միքայել  Մինասյանը հանդիսացել է ծխախոտի արտադրանքի ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերության միակ (100 տոկոս) բաժնետեր, որի ժամանակ էլ հենց իր ընկերությունն է զբաղվել մաքսանենգ եղանակով ծխախոտի արտադրանքի արտահանմամբ։

Մինասյանը, չբավարարվելով հիդրոէլեկտրոկայանների, ռեստորանային, հյուրանոցային, մեդիա ոլորտի, գյուղմթերքների, ծխախոտի արտադրանքի ներկրման և արտահանման և այլ՝ բազմաթիվ բիզնեսներով, 2017 թվականի ընթացքում շուրջ 30 մլն․ ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի» 12.5 տոկոս բաժնեմասը, ունեցել դրա հետ փոխկապակցված տարբեր բիզնեսներ, շրջանառել տասնյակ միլիոնավոր ԱՄՆ դոլարներ և հասկանալով որ կարող է վտանգել ոչ միայն իր հանցավոր ճանապարհով ձեռք բերված բաժնեմասերը, այլև սեփական անձը՝ հեղափոխությունից անմիջապես հետո վաճառել է դրանք։

Խոսելով վճարվող պարգևավճարների մասին, որոնք իրականում հանդիսանում են պետության կողմից օրինական և ըստ աշխատանքի բարդության պետական ծառայողներին վճարվող հավելավճարներ, Միքայել Մինասյանը շահարկում և պիտակավորում է գործընթացը՝ հանրությունից թաքցնելով այն փաստը, որ ժամանակին իր սեփական միջոցներից ապօրինի գումարներ է բաժանել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի, գլխավոր դատախազության և տարբեր ոլորտի պաշտոնյաների. Օրինակ` Վիգեն Սարգսյանին վճարվել է 25,000 ԱՄՆ դոլար, Գևորգ Կոստանյանին՝ 10,000 ԱՄՆ դոլար, Գեորգի Կուտոյանին՝ 10,000 ԱՄՆ դոլար և այլն։

Մինասյանը բաժնետեր է հանդիսացել նաև բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ռոսնեֆտ» ընկերությունում, անվադողերի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Մեծ անիվ» ընկերությունում, «Յուքոմ» ընկերությունում, շրջանառել է միլիոնավոր դոլարներ, իրեն պատկանող օֆշորային ընկերությունների միջոցով ստացել տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Ի լրումն վերոհիշյալի, Միքայել Մինասյանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի քաղաքական գործընթացներում․ մասնավորապես բեմադրել է 2012թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների կեղծ սցենարներ՝ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով, ղեկավարել է 2013թ․ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում կազմակերպվող սոցհարցումների գործընթացները, մասնավորապես նրա կազմակերպմամբ չի հրապարակվել Exit Poll-ի արդյունքում ստացված սոցհարցումների տվյալները, որոնք եղել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին։ Տարբեր անձանց միջոցով կազմակերպել և ճնշել է համայնքներում տեղի ունեցող նախընտրական զարգացումները։

Միքայել Մինասյանի վերաբերյալ ստացված տեղեկությունները վկայում են այն մասին, որ կարճ ժամանակահատվածում նրա «բիզնես հաջողությունները» աննախադեպ աճ են ունեցել, նրա կարողությունները հասնում են ահռելի ծավալների և դրանց ստացման օրինական հիմքերը ուղղակի բացակայում են։

Թերևս Մինասյանը իր «ստի վերջը»-ի 7-րդ կամ 8-րդ թողարկումը նվիրի հենց այս թեմային։ Մասնավորապես թե ինչպես է հնարավոր անօրինական ճանապարհով դիզել աներևակայելի հարստություն։

Spread the love