Արցախի նոր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Մասիս Մայիլյանին և Սամվել Բաբայանին իշխանության կազմ ընդգրկելու մասին: Մայիլյանը փաստորեն վերանշանակվել է արտգործնախարարի պաշտոնում, իսկ Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:

Այդ նշանակումները հետաքրքիր են գուցե ոչ այնքան նոր կառավարության ձևավորման տրամաբանության, որքան Մայիլյանի և Բաբայանի քաղաքական դիրքավորումների տեսանկյունից, որ նրանք ունեին նախագահի և խորհրդարանի մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրությանը: Հայտնի է, որ Բաբայանը և Մայիլյանը մեկ ընդդիմադիր դաշինքում էին, Մասիս Մայիլյանը նախագահի ընտրությանը Հարությունյանի հիմնական մրցակիցն էր, նրա հետ երկրորդ փուլ դուրս եկած թեկնածու: Երկրորդ փուլում Մասիս Մայիլյանը կոչ արեց չմասնակցել քվեարկությանը՝ կորոնավիրուսի տարածում թույլ չտալու համար: Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը զբաղեցրեց երկրորդ տեղը:

Բայց նախագահի ընտրությունից հետո փաստորեն տեղի է ունենում ընտրության, այսպես ասած, իշխանական և ընդդիմադիր դիրքերի մերձեցում, ինչը նշանակում է, որ Արցախի ներքաղաքական կյանքում շարունակում է բաց մնալ գործնականում մշտապես առկա՝ ինստիտուցիոնալ ընդդիմության հարցը: Այստեղ, իհարկե, իրավիճակը բավականին բազմաշերտ ու բարդ է:

Նախ՝ գործնականում անշուշտ ողջունելի է Մասիս Մայիլյանի նշանակումը արտգործնախարարի պաշտոնում, թեկուզ այն պարզ պատճառով, որ Մայիլյանն արցախյան քաղաքական դաշտում բացառիկ պրոֆեսիոնալ է իր դիվանագիտական-քաղաքական կարողությունների և այդ թվում նաև՝ արցախյան հարցի առնչությամբ հայեցակարգային պատրաստվածության իմաստով: Եվ հաշվի առնելով այն, թե ինչպիսի հնարավոր տարբերակներ էին քննարկվում կամ կարող էին լինել, Մայիլյանի վերանշանակումը, անկասկած այդ առնչությամբ գնահատականների սպասելի հակասականության պայմաններում, այդուհանդերձ դրական է թե՛ արցախյան սուբյեկտության ռազմավարության, թե՛ ընդհանուր հայկական քաղաքականության հեռանկարի տեսանկյունից: Առավել ևս, որ իբրև քաղաքական գործոն Մասիս Մայիլյանը չէր էլ ձևավորվել, այն իմաստով, որ նա ուներ քաղաքական աջակից ուժեր, սակայն մեծ հաշվով չկար այն սոցիալական բազան և ինստիտուցիոնալ հենքը, որ թույլ կտար խոսել նրա մասին որպես քաղաքական կայուն գործոնի: Դա պետք է ձևավորվեր հետագայում, սակայն ըստ ամենայնի Մասիս Մայիլյանը կատարել է քաղաքական գործունեության այլ ընտրություն:

Այդ իմաստով առավել կարևոր է Սամվել Բաբայանի ընտրությունը՝ հաշվի առնելով այն, որ Բաբայանն Արցախում անկասկած քաղաքական գործոն է, ինչն ակնառու դարձավ նաև ընտրական գործընթացի արդյունքում: Ներկայանալով ընդդիմության դիրքից՝ նա փաստորեն կոալիցիա է կազմում իշխանության հետ՝ դե ֆակտո: Ինչպես կազդի այդ հանգամանքը նրա հետագա քաղաքական վարկի վրա՝ կգնահատի կամ ցույց կտա ժամանակը, այդ թվում ժամանակը՝ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքի տեսանկյունից: Ինչպիսի՞ն կլինի այն, կլինե՞ն հնչեղ տարակարծություններ, թե՞ ոչ, և այլն: Այդ առումով Բաբայանի համար իրավիճակը կարող է վերածվել ավելի հեռու գնալու ցատկահարթակի՞, թե՞ պռնկի՝ ավելի բարձրից ընկնելու տեսանկյունից:

Բոլոր դեպքերում ակնառու է, որ գաղափարական, քաղաքական ընդդիմության և քաղաքական մրցակցության հարցն Արցախում մնում է բաց: Իսկ այդ հարցն առաջին հերթին կարևոր է որևէ իշխանության համար, որևէ երկրում: Քաղաքական կայուն և հավասարակշռված մրցակցության բացակայությունը երկարաժամկետ հեռանկարում ստեղծում է համակարգային ռիսկեր բոլորի համար: Ի վերջո, որևէ իշխանության կայուն կենսագործունեության հարցի լուծում առավելագույնս երաշխավորված կարող է լինել ընդդիմության առկայության և կայուն կենսագործունեության հնարավորության պայմաններում:

Արցախում, իհարկե, ընդդիմության կարգավիճակում մնում է Վիտալի Բալասանյանը, բայց նրա նախընտրական՝ գրեթե թշնամական տոնայնությամբ վարքագիծը, այդ թվում Հայաստանի կառավարության հանդեպ, նրան չի տալիս հավասարակշռող ընդդիմություն լինելու մեծ հեռանկար: