Mom

Հայտնի է դարձել Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության մասին, որն ըստ Հայկական ժամանակ թերթի պետք է զբաղվի 1991-ից մինչեւ 2018-ի մայիս տեղի ունեցած անօրինականությունների, մարդու իրավունքների խախտման, ունեզրկման եւ այլ դեպքերի ուսումնասիրությամբ:

Հանձնաժողովը ձեւավորելու է խորհրդարանը, անդամներ ներկայացնելու են խմբակցությունները, կառավարությունը, ԲԴԽ եւ մարդու իրավունքի Պաշտպանը: Անդամների թիվը լինելու է 9-ը:

Նախաձեռնությունը չի ենթադրում հանձնաժողովի պատժիչ գործառույթ, ուսումնասիրությունները կարող են փոխանցվել իրավապահներին: Հարցը դիտարկվում է անցումային արդարադատության տրամաբանության շրջանակում, հանձնաժողովը աշխատանքը ավարտելու է եզրակացությամբ:

Ամեն ինչ, համենայն դեպս նախաձեռնության նախնական իմաստի առումով, թերեւս պարզ է: Պարզ չէ, թե ինչ որն է ակնկալվող արդյունքը:

Կարելի է պատկերացնել, թե քանի հազար, կամ գուցե տասնյակ հազար անօրինականություն, իրավախախտում, ունեզրկման դեպք, այլ ապօրինություններ են արձանագրվել Հայաստանում 1991-2018 թվականներին: Քանի՞ տարի է պահանջվում մոտ 30 տարում տեղի ունեցածն ուսումնասիրելու համար: Այն, որ Հայաստանում մոտ երեք տասնամյակ գործել է հակասահմանադրական համակարգ, ակնհայտ է: Ինչպե՞ս ենք պատկերացնում այդ համակարգի թողած հետեւանքի վերականգնումը: Որեւէ մեկն ունի՞ դրա առարկայական պատկերացում: Որեւէ մեկը ինչ որ կերպ, թեկուզ ոչ շատ ճշգրիտ, կամ մոտավոր, պատկերացնու՞մ է, թե հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո ավարտուն ինչ արդյունք է կանգնում հասարակության առաջ:

Թե՞ ստեղծվում է պարզապես մեդիաաղբյուր հանդիսացող մի գեներատոր, որի աշխատանքը տալու է ընդամենը ներքաղաքական «օրակարգերի» առատ նյութ, հանրությանը զբաղեցնելու համար: Քանի դեռ չի ձեւավորվում ապագայով զբաղվելու հանրային օրակարգ, պետք է անել հնարավորը՝ հանրությանն անցյալով զբաղեցնելու համար:

Անշուշտ, հիանալի կլինի ջնջել երեսնամյա բոլոր ապօրինությունները, վերականգնել բոլորի խախտված իրավունքները, պատժել բոլոր մեղավորներին:

Դա չի լինելու: Չի լինելու ոչ թե այն պատճառով, որ որեւէ մեկն ուզում է, կամ չի ուզում, այլ որովհետեւ դա հնարավոր չէ: Հնարավոր է առանձին վերցրած դրվագներ, բայց հնարավոր չէ լայն իմաստով: Իսկ, եթե դա հնարավոր չէ լայն իմաստով, ապա առանձին դրվագները ոչ թե հարց են լուծելու, այլ խթանելու են ամենահակասական եւ ծայրահեղ տրամադրություններ: Մի բան, որի պակասը այսօր էլ չկա: Փոխարենը կա այդ շրջապտույտից դուրս գալու անհրաժեշտություն, լուծելով անցյալի ու ներկայի միջեւ հանուն ապագայի հանրային համերաշխության բանաձեւ գտնելու հարցը, ձեւավորելով հանրային համակեցության այնպիսի կանոններ եւ պետական, հանրային ինստիտուցիոնալ այնպիսի երաշխիքներ, որոնք մի կողմից բացառեն անցյալի գործիքներով ներկայի վրա ազդելու եւ իրավիճակ փոխելու հնարավորությունը, եւ մյուս կողմից բացառեն անցյալի որեւէ կրկնություն որեւէ ձեւով:

Մյուս կողմից, եթե փաստահավաք հանձնաժողովը ստեղծվում է այն բանի համար, որ իր վրա վերցնի անցյալի հարցը, իսկ պետական կառավարման եւ հանրային ռեսուրսներն ազատելով դրանից օգնի կենտրոնացնել ապագա ստեղծելու վրա, ապա դա ողջունելի մարտավարություն է:

Spread the love