Ինչ է տեղի ունենում Հայաստանում. ԱՄՆ Պետդեպի ուշագրավ նկատառումները

- in Կարծիք
Petdepartament

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հատկանշական հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ:

«Եթե երկրներն իսկապես ցանկանում են թոթափել այդ ժառանգությունը, նրանց անհրաժեշտ է բարեփոխել դատաիրավական համակարգը եւ անվտանգության ծառայությունները: Եւ երբ երկրներն այդ հարցում հաջողության են հասնում, նրանք կարող են ասել, որ լիարժեքորեն հաղթահարել են բոլշեւիկյան խորհրդային ժամանակաշրջանը: Մենք ցանկանում ենք, որ այդ երկրները հաջողության հասնեն, կառուցեն բարգավաճող, ժողովրդավար, պատասխանատու պետություններ, ապահովեն իրենց անվտանգությունը, հակազդեն դրսից եկող որեւէ ագրեսիայի կամ ազդեցության»:

Սա նշանակու՞մ է, որ Վաշինգտոնը շահագրգռված է, որ Հայաստանը պոկվի խորհրդային «ժառանգության» սարդոստայնից եւ ինքնիշխան պետականություն կառուցել: Այդ ճանապարհին Հայաստանը պետք է բարեփոխի առաջին հերթին դատաիրավական համակարգն ու հատուկ ծառայությունները:

ՀՀ իշխանությունը հայտարարել է այդ երկու ոլորտներում բարեփոխումներ անելու մտադրության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, մոտ ապագայում ԱԱԾ-ն ամբողջովին բարեփոխվելու է: Փաշինյանը նշել է, որ ԱԱԾ-ից վերցվելու են քննչական ու հակակոռուպցիոն գործառույթները, ԱԱԾ-ն զբաղվելու է երերք հարցերով՝ հակահետախուզություն, պայքար ահաբեկչության դեմ եւ անվտանգություն, ինչպես նաեւ սահմանադրական կարգի պաշտպանություն: Նա ասել է, որ առանձին հետախուզական մարմին է ձեւավորվելու: Ինչ վերաբերում է սահմանապահ ծառայությանը, Փաշինյանի խոսքով, այստեղ գործելու է հիբրիդ կառույց:

Հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հիբրիդ կառույց: Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանապահ ծառայություն են իրականացնում երեք կառույցներ: Իրանի եւ Թուրքիայի սահմանը հսկում են ռուս սահմանապահները, Վրաստանի հետ սահմանը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Ադրբեջանի հետ սահմանը՝ բանակային ստորաբաժանումները: Հայաստանը մտադի՞ր է բարեփոխումների արդյունքում հրաժարվել ռուս սահմանապահների ծառայություններից ու ստանձնել սեփական սահմանների հսկողությունը: Առանց դրա հազիվ թե հնարավոր լինի խոսել «խորհրդային ժառանգությունը թոթափելու» ու ինքնիշխան պետություն կառուցելու մասին:

Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, Քենթի խոսքով, Հայաստանն իրական քայլեր է ձեռնարկել համակարգային փոփոխությունների համար: «Կարծում եմ, Հայաստանում առաջարկվում է դատական իշխանության ավելի ռադիկալ բարեփոխում: Մեր խորհուրդն է լսել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունները, որպես մի մարմնի, որը կարող է լավագույն խորհրդատվությունը տրամադրել», – ասել է Քենթը:

Նա թերեւս նկատի ունի, որ ինչ-ինչ հարցերում չի կարելի անցնել իրավական որոշումների սահմանը: Մի խոսքով, ամենեւին էլ պարտադիր չէ, որ այս մասին ԱՄՆ-ն ու այլ գործընկերներ զգուշացնեն: Երեւանը պետք է պահպանի «անօրինական հարստության վերադարձի» պոպուլյար ձգտման ու սեփականության իրավունքի ու ներդրումների պաշտպանության սահմանը: Որովհետեւ կուլակաթափությունը եւս «խորհրդային» ժառանգություն է:

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կառավարության ձախողումն է համարում կողոպտվածը վերադարձնելու կառավարության անկարողությունը եւ անկախ դատական համակարգի ձեւավորումը:

Չնայած Հայաստանում քայլեր են ձեռնարկվել դատաիրավական համակարգի բարեփոխումների ուղղությամբ, առայժմ դրանք ընկալվում են որպես ռեւանշի ու սեփականության վերաբաշխման փորձեր: Հնարավոր է, դա կանխելու համար է, որ Հայաստանի նախագահը դեռ չի ստորագրել մի շարք օրենքներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments