Իշխանության դեմ հիբրիդային պայքար է

- in Կեղտոտ լվացք
Mishik

Հայաստանում ներքաղաքական իրադրության յուրաքանչյուր թեժացում, որ տեղի է ունենում առավելապես նոր իշխանություն և նախկին համակարգ, կամ հեղափոխություն և հակահեղափոխություն պայմանական համատեքստում, խորքում սրում է առանցքային մեկ այլ հարց՝ Հայաստանում, նոր Հայաստանում ընդդիմության հարցը:

Պետք է արձանագրել, որ հեղափոխությունն այդ իմաստով ստեղծել է փակուղային իրավիճակ, որովհետև հեղափոխությունը ընդդիմություն չի ենթադրում՝ ենթադրում է հակահեղափոխություն:

Մյուս կողմից, սակայն, երկիրը հեղափոխական հավերժական շրջապտույտի կամ տեղապտույտի չմատնելու համար է ընդդիմությունը, ինստիտուցիոնալ քաղաքական ընդդիմությունը ստանում առանցքային նշանակություն: Մեծ հաշվով, այդպիսի ընդդիմության ձևավորումն է, որ Հայաստանում հավասարակշռելու է ներքաղաքական գործընթացները և ներդաշնակեցնելու է դրանց և հանրային տրամադրությունների հարաբերակցությունը: Դա ամենևին չի նշանակում, որ այդ պայմաններում բացառվելու են ներքաղաքական թեժացումները, ինտրիգները, սուր բախումը, երբեմն նաև կոմպրոմատային պատերազմը: Դժբախտաբար, դա քաղաքականության բաղադրիչ է, որից ձերբազատվել չի հաջողվում թերևս որևէ երկրի, առավել ևս այն պետություններին, որոնք ունեն աշխարհաքաղաքական էական դերակատարում, նշանակություն և կամ գտնվում են այդպիսի ռեգիոններում:

Մեծ հաշվով, սակայն, երբ ձևավորված է ինստիտուցիոնալ ընդդիմություն հանրային, սոցիալական կայուն բազայով, քաղաքականության այդ արատավոր բաղադրիչները այդուհանդերձ ունենում են չափավորված ներկայացվածություն, և հիմնականում պայքարը տեղավորվում է ծրագրային գաղափարական շրջանակում: Հայաստանը դեռևս հեռու է դրանից: Հեռու էր հեղափոխությունից առաջ, չի մոտեցել հեղափոխությունից հետո: Հեղափոխությունից հետո, սակայն, կա որոշակի նախադրյալային միջավայր այդ խնդիրը լուծելու համար: Սակայն դրան հասնելը պահանջում է ժամանակ՝ մինչ նոր քաղաքական ուժերի ձևավորում, դրանց սոցիալական բազայի կազմավորում, հստակեցում, բյուրեղացում: Այդ ժամանակահատվածը լցվում է հենց հեղափոխական-հակահեղափոխական դիսկուրսով, որն ինքնին օբյեկտիվ, սակայն ապակառուցողական դիսկուրս է: Գլխավոր խնդիրներից մեկն այստեղ դառնում է տնտեսական կառուցվածքը, տնտեսական համակարգն ու հարաբերակցությունը:
Բանն այն է, որ Հայաստանի տնտեսական համակարգում շարունակում է խիստ թույլ դերակատարություն ունենալ միջին խավ ասվածը: Թվում է, որ վիճակագրական իմաստով այն կա, և քիչ չէ, տարեցտարի ընդլայնվում է՝ մասնավորապես, օրինակ, տուրիզմի ընդլայնմանը զուգահեռ, բայց ինքնին իր ազդեցությամբ, հասարակական-քաղաքական գործընթացների որոշակի կանխորոշման ներուժով այն բավականին թույլ է: Թույլ է առաջին հերթին այն պատճառով, որ զուտ, իբրև բիզնես, այդ շերտի մի մեծ մասն այդուհանդերձ ունի որոշակի կախվածություն խոշոր կապիտալից, միևնույն ժամանակ, նաև շատ դեպքերում միջին խավի ներկայացուցիչները լինեն բիզնեսմեններ, փոքր ու միջին սեփականատերեր, թե մենեջերական կազմ, այսպես ասած սերում են խոշոր կապիտալից, սնվում են խոշոր կապիտալից, խոշոր գործատուներից:

Ըստ այդմ, քաղաքական դիրքավորման առումով նրանք կամ հարմարվում են՝ լռելյայն, կամ հաճախ նույնիսկ ուղղակի սպասարկում են խոշոր կապիտալի շահը: Եվ քանի որ Հայաստանում խոշոր կապիտալը առայժմ գերկենտրոնացած է նախկին համակարգը ներկայացնող շրջանակներում ու նաև շարունակում է լինել Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչն ու նաև հարկատուն, ստանում ենք քաղաքական մի պատկեր, երբ Հայաստանում կա որևէ գաղափարական-ծրագրային քաղաքական ընդդիմության ծավալման և սոցիալական բազայի, այդ թվում՝ ֆինանսական և տնտեսական ռեսուրսների խնդիր, որոնք պետք է թույլ տան ժամանակակից տեխնոլոգիական դարում զբաղվել քաղաքականությամբ, այդ քաղաքականությամբ հարաբերվել ժամանակակից հանրության հետ: Այդ իմաստով, քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը, որը հռչակված է, սակայն իր դինամիկայով, անշուշտ, չի կարող համեմատվել քաղաքականի հետ, և ժամանակի ու տարածության մեջ շատ ծանր գործընթաց է: Եվ այդ պայմաններում, թեև նախկին համակարգը չունի ինստիտուցիոնալ լիարժեք քաղաքական ընդդիմություն լինելու հնարավորություն, որովհետև ունենալով ֆինանսատնտեսական ռեսուրս, հանրային վարկի առումով գրեթե զրոյի վրա է, այդուհանդերձ ունի ինստիտուցիոնալ որևէ այլ ընդդիմության խանգարելու կարողություն, ինչն էլ անում է իշխանության դեմ հիբրիդային պայքարով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments