«Իրանը հուսով է, որ Ադրբեջանը կվերադարձնի Ղարաբաղը»: Բաքվում Իրանի դեսպանին այդպիսի արտահայտություն են վերագրում ադրբեջանական քարոզչամիջոցները՝ տեղեկացնելով, թե այդ արտահայտությունն իբրև թե արվել է Ռամադան սուրբ ամսվա առիթով ուղղված շնորհավորանքում:

Արե՞լ է Իրանի դեսպանը այդպիսի արտահայտություն, թե՞ գործ ունենք ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սադրանք-նենգափոխման հետ, որպիսին նրանք թույլ են տվել բազմաթիվ անգամներ թե՛ Իրանի, թե՛ այլ երկրների դիվանագետների նկատմամբ: Այստեղ, սակայն, հատկանշական է, որ իրանական ուղղությունն Ադրբեջանի և պաշտոնական պրոպագանդայի համար վերջին շաբաթներին ստանում է ընդգծված ուշադրություն: Մի քանի շաբաթ առաջ Բաքուն սկսեց շրջանառել իրանական բեռնատարներով Արցախ բեռներ տեղափոխելու թեման, հետո դրան հաջորդեց արցախ-իրանյան սահմանին կամուրջներ կառուցելու հանգամանքը: Ակնառու է, որ Ադրբեջանը որոշակի քաղաքական-դիվանագիտական ճնշում է փորձում բանեցնել Թեհրանի վրա՝ ստիպելով անընդհատ արդարանալ, և, միաժամանակ նաև, փաստորեն այդպիսով ստեղծելով իրավիճակ, երբ Թեհրանը կփորձի Բաքվից այդօրինակ հարցեր չլսելու համար էապես սահմանափակել կամ զգուշանալ Հայաստանի հետ շփումների իմաստով: Ինչո՞ւ է Բաքուն կենտրոնացել այդ ուղղության վրա, դա զուտ ադրբեջանա-իրանական տիրույթում գտնվող ինչ-որ հարցի արտացոլո՞ւմ է, թե՞ Բաքվի միջոցով փորձ է արվում արգելակել հայ-իրանական տիրույթում գտնվող որևէ քննարկում:

Եվ այդ հանգամանքն էլ իր հերթին հարց է առաջացնում, թե, բացի Ադրբեջանից, է՞լ ում կարող է պետք լինել հայ-իրանական ուղղությամբ որևէ խնդիր, չհասկացվածություն կամ սառնություն ստեղծելը: Տեսականում կարող է պետք լինել մի քանիսին, քանի որ հայ-իրանական հարաբերությունը ռեգիոնալ իմաստով մարտահրավեր կամ մրցակցություն է թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային: Բաքվի պրոպագանդայի տիրույթում առավել մեծ ազդեցություն կարող է ունենալ, իհարկե, Թուրքիան, թեև Մոսկվայինն էլ քիչ չէ, թերևս «բարտերի սկզբունքով»՝ ադրբեջանական ազդեցություն ռուսական պրոպագանդայի դաշտում, և դրա դիմաց հարկ եղած դեպքում ռուսական ազդեցություն Բաքվում: Թուրքիա՞ն է, թե՞ Ռուսաստանը այդ հարցում Բաքվի հնարավոր գործընկեր, թե Բաքուն է, այսպես ասած, միայնակ, տվյալ պարագայում այնքան էլ էական չէ, որովհետև միևնույն է կլինեն անգամ Բաքվի միայնակ խաղից անուղղակի օգտվողներ: Բոլոր դեպքերում, Հայաստանը պետք է բավականին ուշադրության արժանացնի այդ հանգամանքը և արդյունավետ աշխատանքով չեզոքացնի այստեղ հնարավոր հետևանքները՝ սերտ կապի մեջ լինելով իրանական շրջանակների հետ: Այդ հարցում պետք է իր շահագրգռությունն ունենա նաև Թեհրանը, որովհետև ռեգիոնալ առումով Իրանը չունի «առավել» բնական դաշնակից, քան Հայաստանը:
Spread the love