Իրավապահ – ուժային բլոկը քաղաքական մեծամասնության համար լիարժեք տիրապետելի չէ

- in Կարծիք

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրավապահ բլոկի հարցը եղել է արդիական ու արդիական է շարունակում լինել առ այսօր:

Այդ բլոկում չի եղել խորքային բարեփոխում, իսկ դա նշանակում է, որ իրավապահ-ուժային տիրույթի կառույցներում այսօր որոշակիորեն հիբրիդային վիճակ է, ինչն, ըստ էության, արձանագրում են ոչ միայն կառավարող մեծամասնության պատգամավորները, այլև վարչապետ Փաշինյանը: Այդ հիբրիդային վիճակը փորձ է անում օգտագործել նախկին կառավարող համակարգը, առնվազն տեղեկատվա-քարոզչական տեսանկյունից:

Այդ իմաստով, Արգիշտի Քյարամյանի նշանակումը ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում, որի քաղաքական կարևորության մասին բարձրաձայնեց անձամբ վարչապետը, տվել է հակառակ գործողությունների նոր առիթ:

Նկատելի է արշավ, որի նպատակն է ստեղծել իրավապահ կառույցներում, այսպես ասած, ընդվզման տրամադրության տպավորություն: Պետք չէ բացառել նաև, որ, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը հենց այդ նկատառումով է կատարել նշանակումը, այդ տրամադրությունները կառավարելու կամ դրանց առավելագույնս տիրապետելու համար:

Ասել կուզի, իրավապահ-ուժայինների շրջանակում որոշակի ըմբոստ և դժգոհ տրամադրությունների մասին տեղեկատվա-քարոզչական ալիքը այնքան էլ մտացածին չէ: Մյուս կողմից, սակայն, այստեղ հստակ է տարբերակել՝ մի բան է համակարգի այդպիսի տրամադրությունը, մեկ այլ բան՝ համակարգում այդպիսի տրամադրություն ունեցող անձանց կամ խմբերի առկայությունը: Ի վերջո, շատ կարևոր է հասկանալ՝ Հայաստանում ներկայումս կա՞ քաղաքական կառավարող մեծամասնության և իրավապահ-ուժային բլոկի միջև հակադրություն, թե՞ ոչ: Այստեղ է էական տարբերությունը համակարգի դժգոհության, և համակարգում առանձին խմբերի դժգոհության միջև: Իր հերթին հատկանշական է, որ կառավարող ուժը չի շտապում ռեֆորմացիոն քայլերի հարցում և չի գնում կադրային էական փոփոխությունների: Արդյոք այստեղ պատճառն ա՞յն է, որ, մեծ հաշվով, «ընդվզումը» կառավարելի է, որքան էլ փորձ է արվում ստեղծել անկառավարելիության տպավորություն քարոզչական տիրույթում, և անկառավարելիության այդ տպավորությունն իրականում իշխանությունն օգտագործում է «ըմբոստների» զգոնությունը թուլացնելու և այդպիսով կառավարելիությունն ու վերահսկելիությունը ապահովելու համար:

Ըստ այդմ, համակարգում նրանց պահում են այսպես ասած՝ մշտադիտարկման ներքո, աչքի առաջ՝ հասկանալով, որ ինքնին այդ շրջանակները կամ խմբերը խնդիր չեն՝ այլ նրանք դիտարկվում են նախկին համակարգի առանձին խմբերի խաղաքարտ: Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, փորձում է ընտրել այդ խմբերին, կամ նրանցից որևէ մեկին խաղաքարտից զրկելու առավելագույն արդյունավետ և հարմար պահը: Հակառակ պարագայում վիճակը կլինի իսկապես տարօրինակ, եթե իրավապահ-ուժային բլոկը քաղաքական մեծամասնության համար լիարժեք տիրապետելի չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments