cec

Նախօրեին Սյունիքի մարզում, մասնավորապես Քաջարանում և Կապանում տեղի ունեցած լարված զարգացումները անկասկած տեղավորվում են Հայաստանում նոր իրականության դեմ ծավալվող այն հիբրիդային պատերազմի շրջանակում, որ արձանագրված է վաղուց:

Սակայն այդ համատեքստում վաղուց ժամանակն է արձանագրել նաև մեկ այլ հանգամանք՝ հիբրիդային պատերազմը մեզանում դառնալու է գրեթե առօրյա: Մեզանում ասվածը նշանակում է ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում, մեր ժամանակներում ընդհանրապես: Այսօր աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը, որն իր հետքն է թողնում բոլոր պետությունների վրա՝ այս կամ այն կերպ, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ համաճարակը իրականում հիբրիդային պատերազմի հետևանք չէ, տարր չէ: Իսկ այն, որ այն որպես թեմա արդեն իսկ այդպիսին է նաև հենց աշխարհի մասշտաբով առնվազն տեղեկատվա-քաղաքական տեխնոլոգիաների իմաստով, արդեն տեսանելի է անզեն աչքով: Այդ տեսանկյունից, Սյունիքում տեղի ունեցածը մեծ հաշվով ոչինչ է այն հիբրիդային մարտահրավերների առաջ, որ Հայաստանին և հայ հասարակությանը սպասում են առաջիկայում համաշխարհային կյանքի իմաստով ընդհանրապես:

Կասկած չկա, որ համաշխարհային իրադրությունը փորձում են սեփական ներքին քաղաքական և տնտեսական շահերին ծառայեցնել նախկին համակարգի տարբեր խմբեր, որոշ հարցերում գործակցված, որոշ հարցերում անգամ իրար հետ մրցակցելով: Այն, որ Սյունիքում տեղի ունեցածը հենց դրա վառ դրսևորում էր, դարձյալ թերևս կասկածից վեր է, ամեն ինչ չափազանց բաց է ու թափանցիկ:
Ամբողջ հարցն այստեղ այն է, որ Հայաստանի հանրությունը պետք է գա մի ռեժիմի, երբ այդ ընթացքիկ իրողությունները դադարեն դիտվել հոգեբանական կամ քաղաքական սպառնալիք: Բանն այն է, որ դրանք հենց այդ՝ հանրության վրա հոգեբանական ազդեցության հաշվարկով էլ ծրագրվում են, որովհետև բոլոր հաղթանակներից գլխավորը հոգեբանականն է: Երբ որևէ համակագի, որևէ խմբի հաջողվում է հանրության լայն շերտերի նկատմամբ թեկուզ բացասական վարկով, սակայն ձեռք բերել հոգեբանական ներգործության առավելություն, դա հանրության նկատմամբ տվյալ համակարգի հաղթանակի առաջին և կարևոր քայլն է, այսպես ասած գործի կեսը:

Այն, ինչ տեղի է ունեցել Սյունիքում, կամ տեղի է ունենում ներքաղաքական տիրույթում այդօրինակ այլ բնույթով, իրականում հաջողության շանս է ստանում հենց այն հոգեբանական խուճապային արձագանքների շնորհիվ, որ տեղի են ունենում հանրային տարբեր շերտերում: Ու թեև այդ ամենը բերում է նրան, որ հանրությունը սկսում է կոշտ հռետորաբանությամբ թիրախավորել ենթադրյալ խմբերին, որոնք այդօրինակ ակցիաների, դրանք այսպես ասած քաղաքականացնելու թիկունքում են, այդուհանդերձ, այն, որ դրանք ի զորու են լինում խաթարել հանրային ինքնավստահությունն ու անդորը, արդեն իսկ խորքային առումով ձեռք է բերում քայքայիչ նշանակություն և արդարացնում նախապատրաստական հաշվարկները:

Spread the love