Լավրովը, կամ Մոսկվան, իրավիճակի վատ միջնորդ կամ քաղաքական ռեգիոնալ կառավարիչ է

- in Վերլուծական

ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթը, Մարշալի հիմնադրամի կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում պատասխանելով Ամերիկայի ձայնի հարցին՝ Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարության վերաբերյալ, արել է անսպասելի հայտարարություն:

Նա նշել է, թե չի ուզում մեկնաբանել ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները, սակայն կասի, որ Լավրովը վերջին շրջանում անում է ոչ օգտակար հայտարարություններ: Քենթը միաժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության օգտին: Ամերիկացի դիվանագետի հայտարարությունն իսկապես ուշագրավ է, սակայն առավել հետաքրքիր կլիներ, թե նա ինչպես է մեկնաբանում Լավրովի խոսքը: Այսինքն՝ տվյալ պարագայում Լավրովի խոսքն, ըստ նրա, ինչո՞վ է անօգտակար հատկապես:

Օրինակ՝ անօգտակար է, որովհետև «բացահայտո՞ւմ» է ինչ-որ բան և փաստորեն կանգնեցնո՞ւմ առաջընթացը՝ տվյալ դեպքում փուլային քննարկումը, թե՞ անօգտակար է, որովհետև բերում է հակամարտող կողմերից հռետորաբանության առավել կոշտացման և ստեղծում անհարկի լարվածություն: Այդ իմաստով, սակայն, հատկանշական է Քենթի գնահատականը կարգավորման գործընթացին, որն, ըստ նրա, պետք է տեղի ունենա Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքների ուղեկցությամբ՝ ուժի կիրառում և այդ կապակցությամբ սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջություն և ազգերի ինքնորոշում: Ահա այդ առումով Քենթը հայտարարում է, որ կողմերը յուրովի են մեկնաբանում այդ սկզբունքները: Խոշոր հաշվով, դա հայտարարություն է, որը, կամա թե ակամա, արդարացի է համարում այն հարցադրումը, որ դեռևս 2019 թվականի մարտի 31-ին հնչեցրել են Երևանն ու Ստեփանակերտը՝ Անվտանգության խորհուրդների պատմական համատեղ առաջին նիստում, որ կայացավ Ստեփանակերտում:

Այդ նիստում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համանախագահները պետք է հստակեցնեն, թե ինչ են ենթադրում Մադրիդյան սկզբունքները, որպեսզի դրանք չլինեն յուրովի կամ կամայական մեկնաբանության առարկա, և կողմերից ամեն մեկը չմեկնաբանի յուրովի: Իսկ հնարավո՞ր է հստակեցնել Մադրիդյան սկզբունքները այնպես, որ դրանք չլինեն մեկնաբանության համար «ճկուն»: Գործնականում, թերևս, ոչ: Ըստ այդմ, դրանք կամ պետք է չեղարկվեն, կամ լինելու պարագայում, դրանց շուրջ ցանկացած քննարկում ըստ էության լինելու է «հավերժական շարժիչ», որովհետև որևէ կերպ մեկնաբանությունը մի կողմում ենթադրելու է ռազմա-քաղաքական պարտություն մյուս կողմի համար: Հետևաբար, դրանք փակուղի են, որտեղ կարող է հասունանալ ոչ թե որևէ կարգավորում, այլ պատերազմ:
Ըստ այդմ, ամերիկացի պաշտոնյայի հայտարարության տողատակում առկա է արձանագրումը, որ՝ կամ պետք է փոխվի հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում եղած սկզբունքը, իսկ այստեղ, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն, համենայնդեպս, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում դիտարկում է իրողությունների ճանաչման սկզբունքի կիրառումը, կամ համանախագահները պետք է գտնեն առկա սկզբունքների պայմաններում իրավիճակի քաղաքական կառավարման այնպիսի ձև, որը դե ֆակտո պահպանելով չճանաչված ստատուս-քվոն, մյուս կողմից որևէ կերպ չի լեգիտիմացնի ադրբեջանական ագրեսիվություն: Այդ իմաստով, ամերիկացի դիվանագետը փաստորեն արձանագրում է, որ Լավրովը, կամ Մոսկվան, իրավիճակի վատ միջնորդ կամ քաղաքական ռեգիոնալ կառավարիչ է, քանի որ կառավարման մեթոդաբանությունում շեշտը դնում է լարվածության աճի վրա խաղալու վրա, ինչը առաջացնում է անկայունության ավելորդ ռիսկեր:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments