Լավրովի հայտարարությունը փոխարինեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վճռին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Աննա Դանիբեկյանի օրերս կայացրած վճռի մասին է, որով նա մերժեց երկրորդ նախագահի ազատության համար նախկին վարչապետների երաշխավորությունը:

Տեղեկությունը խորհրդանշական է օրացուցային իմաստով: Բանն այն է, որ մեկ տարի առաջ՝ 2019-ի մայիսի 18-ին, Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությունը՝ կայացնելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան կալանքից ազատելու որոշում: Այդ որոշումը Հայաստանում խթանեց բավականին աշխույժ ներքաղաքական զարգացումներ: Դրանից երկու օր անց էր, որ վարչապետ Փաշինյանն արեց դատարանները շրջափակելու կոչ: Գործնականում դրանով սկսվեց Բարձրագույն դատական խորհրդի, այլ կերպ ասած՝ դատական իշխանության փոփոխության գործընթացը: Հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Միաժամանակ վարչապետ Փաշինյանը դրանից հետո հայտարարեց ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին՝ ասելով, թե եկել է դրա ժամանակը:

Մեկ այլ խորհրդանշականություն է այն, որ հանձնաժողովը իր կուլմինացիային է հասնում փաստորեն մեկ տարի անց, երբ դարձյալ արդիական էր դարձել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ այս անգամ նախկին վարչապետների երաշխավորությամբ: Սերժ Սարգսյանն ապրիլին անսպասելիորեն համաձայնեց ընդունել նիստին մասնակցելու և հարցերին պատասխանելու հրավերը: Ընդ որում, հատկանշական է, որ դրանից հետո հանձնաժողովը կայացրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, նախկին վարչապետ, ի դեպ՝ երկրորդ նախագահի համար երաշխավորություն ներկայացնողներից մեկին՝ Կարեն Կարապետյանին, ու նաև նախկին արտգործնախարար, Ռուսաստանում գտնվող Էդվարդ Նալբանդյանին լսելու որոշում:  Դրան զուգահեռ քաղաքական մեծամասնությունն ազդարարել է Սահմանադրական դատարանի կազմի հարցը ոչ թե հանրաքվեով, այլ ուրիշ մեխանիզմով լուծելու մտադրության և այդ թեմայով Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկում սկսելու մասին:

Փաստացի երկրորդ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը մեկ տարի առաջ Հայաստանում խթանեց ներքաղաքական դինամիկ մի ամբողջ ցիկլ՝ բերելով էական փոփոխությունների: Դրանք խթանելուց հետո երկրորդ նախագահը դարձյալ՝ վերաքննիչի որոշումով, վերադարձավ կալանատուն, իսկ Հայաստանը այժմ մտել է քաղաքական աշխուժության նոր շրջափուլ, որ այս դեպքում խթանեց ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարությունը ապրիլի 21-ին:

Փաստացի Լավրովի հայտարարությունը փոխարինեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վճռին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments